Այսօր ԱԺ-ում շարունակվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2015-ի ծրագրի քննարկումը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր դժգոհությունն էր հայտնել, որ ամեն անգամ Արթուր Ջավադյանը մի պատճառ է գտնում, գործուղման է գնում ու չի գալիս ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Նրա փոխարեն ԱԺ է գալիս իր տեղակալը՝ Ներսես Երիցյանը:
Այսօր ելույթ ունենալու համար Հրանտ Բագրատյանը մոտեցավ ամբիոնին եւ Գալուստ Սահակյանին մեղադրեց Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու եւ Ջավադյանին քողարկելու մեջ:
Նրա խոսքերով՝ «Ես ձեզ մեղադրում եմ, պարոն Սահակյան, որ ԿԲ նախագահը 3-րդ տարին անընդմեջ չի գալիս հիմնական փաստաթղթերը քննարկելու: Ես պնդում եմ, որ նա չի գալիս, որովհետեւ չի տիրապետում: Մի՛ ասեք, որ նա գործուղման է, դուք սպասել եք, որ նա գնա գործուղման, որովհետեւ լավ գիտեք՝ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին ՀԲ վալյուտային ֆոնդի ժողովն է»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանն արձագանքեց եւ արդարացավ, որ չի սպասել, ամեն ինչ օրենքով է արել եւ կողմնակից է, որ առաջին դեմքերը գան ԱԺ:
Հրանտ Բագրատյանը հակադարձեց. « Դուք կատարում եք հանրապետության նախագահի ցուցումը, նա չպիտի գա այստեղ, պիտի գա Ներսես Երիցյանը: Երեխա չկա ստեղ, հերիք է: Կենտրոնական բանկ ենք քննարկում, չե՞ք տեսնում, մենք այդ մարդուն բան ենք ասում, ինքը հելնում ա լրիվ ուրիշ բան ա պատասխանում ու մեր վրա էլ մուննաթ ա գալիս»:
Հետո Բագրատյանն անդրադարձավ իրեն ուղղված հարցադրումներին, թե ինչո՞ւ կառավարությունից չես խոսում: Նա ասաց. «Հերթը գա՝ կխոսենք կառավարությունից, էսօր ուրիշ հարց ենք քննարկում»:
Ըստ Բագրատյանի, Հայաստանի երկրորդ ամենամեծ պրոբլեմը ԿԲ-ն է՝ արտագաղթից հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ