Փաստաբանների 52 հոգանոց խումբն ավարտել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի ուսումնասիրությունները եւ այսօր խմբի անդամները ներկայացրին իրենց մասնագիտական կարծիքը:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն «Անդրադարձ» ակումբում ասաց, թե Խումբը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանում անհրաժեշտ չեն:
Ըստ նրա, թեեւ ՀՀ նախագահն ասել էր Սահմանադրական բարեփոխումների մասին, բայց իրականում ոչ թե բարեփոխում, այլ նոր Սահմանադրություն է առաջարկվում. «Նախագծով փոփոխվել են գործող Սահմանադրության երկրորդ ու 114-րդ հոդվածները, եթե այս հոդվածներին կպնում ենք, արդեն բարեփոխում չէ, այլ լրիվ նոր Սահմանադրություն»:
Փաստաբանների խումբը զարմացել է՝ ինչու են փոփոխություններ արվում ու գործող սահմանադրությունն ինչով էր վատ, որ նորն է առաջարկվում.«Չունենք պատասխան, թե ինչու են այդ փոփոխություններն արվում, հասկանում ենք, որ փոփոխությունները միտված են կառավարման համակարգին, կայուն մեծամասնություն ունեցող խորհրդարանական համակարգին անցնելուն են միտված: Բայց վտանգ կա, որ Հայաստանը միակուսակցական կառավարման կարող է գնալ, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Չկա առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության հարցում, կան վտանգավոր մոտեցումներ, օրինակ` անձի կրկին դատվելու առումով: Նոր սահմանադրությամբ անձի՝ նույն արարքի համար կարող է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել, թեեւ դատարանով արդարացվել է: Ինչ վերաբերում է կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելուն, սովորաբար այս փորձը աշխատում է այն երկրներում, որտեղ կա կայացած կուսակցական համակարգ եւ կուսակցությունները կախված չեն անձերից, ինչը չես կարող ասել Հայաստանի համար»:
Կարդացեք նաև
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ փաստաբանների խումբը եզրահանգել է, որ նոր Սահմանադրության նախագծին պետք է ոչ ասել, որովհետեւ չկա փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ շարունակեց՝ասելով, որ այդպես էլ չհասկացան՝ ինչն են է բարեփոխել, առաջընթաց չենք տեսնում:
Որպես օրինակ նա մատնանշեց մարդու իրավունքներին վերաբերող մի դրույթ: Գործող Սահմանադրությունում անձն իրավունք ուներ իր ամուսնու, մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ.«Հիմա առաջարկվում է մի ձեւակերպում, որ անձը պետք է լինի ողջամիտ ու ենթադրի, որ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր մերձավորի նկատմամբ, այստեղ կա հետընթաց, ինչպես կարող է անձը ողջամիտ ենթադրել, եթե օրինակ նա տեղյակ չէ՝ ինչ ցուցմունք է տվել օրինակ ամուսին, իրարից անկախ տարբեր ցուցմունքներ են տալիս…սա օգտագործվելու անձանց դեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ