«Բնական է, որ շատ մարդկանց կհիասթափեցներ»,- հոկտեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նա նկատեց, որ նախագահ Քոչարյանը եւս 2005 թվականին սահմանադրական փոփոխություններ է կատարել: Ըստ նրա՝ ցանկացած մարդու համար որոշակի ցավ է, որ իր ստեղծածը փորձում են փոփոխության ենթարկել. «Ես չեմ հավատում, որ սահմանադրական փոփոխությունները կբերեն արատավոր համակարգի ստեղծման, ինչպես դա ասվում է: Մենք սահմանադրական փոփոխություններ անում ենք, որ մեր համակարգում, մեր իրականությունում տեղ գտած որոշակի արատավոր երեւույթներին կարողանանք վերջ դնել, եւ դրա արդյունքում մենք կարողանանք ապահովել երկրի զարգացումը եւ կարողանանք իրոք ավելի խորը ժողովրդավարական երկիր կառուցել եւ կարողանանք բարեկեցիկ ապագա ունենալ մեր երեխաների համար: Իհարկե՛, ցանկացած փոփոխության հետեւից պետք է գնալ, պետք է քաղաքական կարգ դրսեւորել, որ այդ փոփոխությունները դառնան ցանկացած մարդու առօրյա աշխատանք»:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ անհամատեղելի են ԽՍՀՄ Սահմանադրության հետ համեմատությունները, ընդհակառակը՝ ընտրությունը հնարավորություն է տալիս, որ երկրորդ փուլում ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն եւ կարողանան իշխանություն վերցնել, որովհետեւ Սահմանադրությունը հստակ դրա հնարավորությունը տալիս է. «Այստեղ համեմատել միակուսակցական համակարգի հետ, լրիվ չեմ ընդունում նմանատիպ համեմատությունները»:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա էր նաեւ հրապարակախոս Կարինե Հակոբյանը, նա չհամաձայնեց ՀՀԿ պատգամավորի հետ. «Ի սկզբանե այդ հնարավորությունը բացառվում է, որ Սահմանադրությամբ ընդդիմադիր ուժերը կարողանան, եթե հեղափոխական ճանապարհով չլինի, միավորվել եւ օրինական ճանապարհով իշխանափոխություն անել»:
Սուքիաս Ավետիսյանը խնդրեց նրան ասել, թե ինչպես է բացառվում. «Ի տարբերություն իշխանության հակառակ կողմը խոսում է փաստերով»: «Ո՞ր հակառակ կողմ, ո՞վ է փաստերով խոսում, մինչեւ հիմա փաստերով խոսող չեմ հանդիպել, նամանավանդ, միտինգների ժամանակ, որեւիցե փաստով խոսող ընդդիմություն չեմ տեսել»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Կարինե Հակոբյանը հետաքրքրվեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի անկախությունը, ո՞վ է նշանակում, նախագա՞հը»:
«Նախագահը հիմա է նշանակում, իսկ եթե մենք ընթերցում ենք Սահմանադրության փոփոխությունները, ապա մենք տեսնում ենք, որ հիմնովին փոխվել է դատավորների ընտրության, տեսե՛ք՝ չեմ ասում նշանակման եւ նաեւ ժամկետների խնդիրը, նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահը եւ Սահմանադրական դատարանի անդամները մեկ ժամկետից ավել իրավունք չունեն ընտրվելու, ոնց որ հիմա է: Մենք ապահովում ենք դատական իշխանության անկախությունը եւ հնարավորություն ենք տալիս ոչ թե նշանակելու, այլ ընտրվում են ԱԺ-ի մեծամասնության կողմից»,- եղավ պատասխանը:
«Նույն մեծամասնության»,- նկատեց Կարինե Հակոբյանը:
«Չհասկացա: Կներե՛ք, էդ դեպքում մեծամասնությունը ինչի՞ համար է ձեւավորվում: Էդ դեպքում բերեք թողնենք քաոս, տեսնենք՝ ինչ կստացվի, ինչպես այսօր մի շարք երկրներում, միգուցե ընդդիմությանը ձեռնտու է, բայց ձեռնտու չէ իշխանությանը, որովհետեւ մենք պատասխանատու ենք մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, մերի երկրի սահմանների համար»,- ասաց նա:
Բանախոսների միջեւ բանավեճն այնքան թեժացավ, որ նրանք միաժամանակ էին խոսում, եւ Կարինե Հակոբյանը նույնիսկ հայտարարեց, որ ինքը չի մասնակցի ասուլիսին, եթե իրեն խոսելու հնարավորություն չտրվի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ