Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը ամիսներ շարունակ կապ չեն ունեցել կուսակցության եւ խմբակցության հետ

Հոկտեմբեր 07,2015 12:11

Պարզաբանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը

-Պարոն Բաբայան, այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավարը միջազգային պատվիրակություններում մի շարք  փոփոխություններ է կատարել, ու միջազգային պատվիրակություններից հետ են կանչվել Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանը։ Ինչո՞վ դա կբացատրեք։

-Նախ, միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում խմբակցությունը վերանայի եւ փոխատեղում կատարի պատվիրակություններում։  Ասեմ, որ Նաիրա Զոհրաբյանը եւս այսօր դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային վեհաժողովի կազմից, իսկ առաջիկայում Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովից դուրս կգա Միքայել Մելքումյանը։ Ու սա միանգամայն բնական պրոցես է՝ ռոտացիոն կարգով հնարավորություն տալ խմբակցության այլ անդամների եւս իրենց ուժերը փորձել այս կամ այն միջազգային հարթակում։

Առաջիկայում խմբակցությունը կքննարկի, թե ովքեր կփոխարինեն Նաիրա Զոհրաբյանին, Ստեփան Մարգարյանին, Էլինար Վարդանյանին, իսկ նոյեմբերի վերջից՝ նաեւ Միքայել Մելքումյանին։ Կարծում եմ, այստեղ արտառոց ոչինչ չկա։

Խնդիրը այլ է։ Լինեմ անկեղծ՝ գաղտնիք չէ եւ մամուլը բազմիցս  դրան անդրադարձել է, որ մեր այդ երկու գործընկերների հետ կապված  կան ներկուսակցական, ներֆրակցիոն խնդիրներ։ Մեր գործընկերներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը տեւական ժամանակ է հարկ չեն համարում մասնակցել խմբակցության նիստերին, պարոն Մարգարյանը, լինելով ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ քվոտայով զբաղեցնելով առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը, երեկ լրատվամիջոցներին հայտարարել է, որ իր համար կարեւորը ոչ թե խմբակցության, այլ ժողովրդի դիրքորոշումն է։ Մինչդեռ, ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի եւ ժողովրդի  շահերը տարբեր են։

Ավելին, Ստեփան Մարգարյանը հայտարարել է  նաեւ, որ իր հետագա քայլերի  մասին առաջիկայում կտեղեկացնի։ Այսինքն, մեր գործընկերները լուրջ ծրագրեր ունեն, որոնց մասին մենք եւս պիտի տեղեկանանք երեւի թե մամուլից։

Ամիսներ շարունակ նույն վարքագիծն է դրսեւորում նաեւ ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը։ Կուսակցությունը տեղյակ չի լինում տիկին Վարդանյանի գործուղումներից, վերջինս նախընտրում է իր բոլոր քայլերը որոշել այլ տեղերում եւ վարվել այնպես, ինչպես իրեն է հարմար՝ չմասնակցել խմբակցության նիստերին, որեւէ մասնակցություն չունենալ կուսակցության գործունեությանը՝ լինելով ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

Vahan-BabayanՈւ քանի որ մեր երկու հարգարժան գործընկերները վաղուց արդեն որոշել են կուսակցության եւ խմբակցության գործունեությունից դուրս ծրագրել իրենց քայլերը, խմբակցությունը  նպատակահարմար  գտավ, որ միջազգային խիստ կարեւոր այդ կառույցներում ԲՀԿ-ն ներկայացնեն խմբակցության այն պատգամավորները, ում համար կուսակցության եւ խմբակցության որոշումները կարեւոր են։

Գիտեք, պիտի իրապես լինել անկեղծ. կարծում եմ, Էլինար Վարդանյանը ինքը պետք է հետեւություն անի ԲՀԿ-ում մնալու իր  նպատակահարմարության շուրջ։ Ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշում՝ դիմել սկզբնական տարածքային կառույցին, տիկին Վարդանյանի՝ ԲՀԿ շարքերում մնալու նպատակահարմարության հարցը քննարկելու համար։

Ամիսներ շարունակ մենք արեցինք հնարավորը՝ կոմպրոմիս գտնելու, ամիսներ շարունակ փորձեցինք, հարգելով մեր անցած ճանապարհը, միասին աշխատելու ընդհանուր եզրեր գտնել, ինչը, ցավոք, չստացվեց։  Մենք անձերի դեմ որեւէ խնդիր չունենք, եւ միշտ էլ պատրաստ ենք մարդկային մեր հարաբերությունները շարունակել, սակայն առկա տարաձայնություններն այլեւս հնարավոր չեն դարձնում մեր համատեղ աշխատանքը։

Հույս ունենք, որ կուսակցության որոշումը մեր գործընկերները ըմբռնումով կընդունեն եւ խիստ հայտնի լրատվական հարթակներում չեն հայտնվի անհարկի շահարկումներ  եւ շանտաժ։ Որովհետեւ բումերանգը միշտ երկու կողմ ունի։

-Պարոն Բաբայան, ԲՀԿ այս որոշումը կապ ո՞ւնի, որ  սահմանադրական փոփոխությունների քվեարկությանն իրենք ներկա չէին։  

-Բնականաբար՝ ոչ։  Հասկանալով, որ իրենք փորձելու են դա շահարկել, վստահաբար պնդում եմ՝  ո՜չ, չունի։ Իրենք «ոչ» չեն քվեարկել, այլ ընդամենը չեն եկել նիստի, ու եթե փորձ արվի դա շահարկել, ապա շատ անլուրջ բան կստացվի։

Քվեարկությանը ներկա չէր նաեւ կուսակցության նախագահը, ինչպես նաեւ կուսակցության անդամ մեր մի քանի այլ  պատգամավորներ, ուստի բացարձակ անազնիվ կլինի սահմանադրական փոփոխությունների թեման շահարկելը։

Խմբակցությունը քննարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունից բացակայած պատգամավորների հարցը եւ բոլորի՝ Նաիրա Զոհրաբյանի, Լյովա Խաչատրյանի, Վահան Կարապետյանի, Էլինար Վարդանյանի,  Ստեփան Մարգարյանի ու Հայկ Խաչատրյանի բացակայությունները համարել ենք հարգելի։

Հարցը բոլորովին այլ է. կրկնում եմ՝ ամիսներ շարունակ իրենք բոյկոտել են թե՜ կուսակցության, թե՜ խմբակցության աշխատանքներն ու լինելով առանցքային  հանձնաժողովների նախագահներ, որեւէ կապ չեն ունեցել կուսակցության հետ։ Չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն ամիսներ շարունակ հանդուրժեր նման իրավիճակ։ Սակայն, մենք  ունենք մեր սկզբունքներն ու մեր դիրքորոշումը, կա կուսակցական եւ ֆրակցիոն կարգապահություն, որը պետք է հարգել։ Դա շատ պարզ է։ Առայժմ այսքանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031