Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնայած կազմակերպությունների անվանումները թղթի վրա մի երկար ցուցակ են կազմում, իրականում այդ «ցուցակը» ռեսուրսներ չունի. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 07,2015 11:48

Բավականաչափ հետաքրքիր է դիտարկել խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քվեարկության արդյունքներն ու զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի նրբերանգները:

Ինչ վերաբերում է խորհրդարանի դեմ բողոքի ակցիային, ապա այն խիստ սակավամարդ էր: Դա արդեն իսկ ենթադրելի էր ուրբաթօրյա հանրահավաքի ընդհանուր տրամադրությունից:

Բայց բողոքի ակցիան բազմապատիկ սակավամարդ է երեւում սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերի ներկայացուցիչների ելույթների խորապատկերում: Տվյալ գործիչները շարունակ հավաստիացնում են, թե՝ «բոլորը դեմ» են, «մի մարդ չկա, որ կողմ լինի», եւ այլն, եւ այսպես շարունակ: Սակայն «դեմ»-ի կամ «ոչ»-ի ակտիվ կողմնակիցների քանակությունը, անկեղծ ասած, տպավորիչ չէր: Համենայն դեպս դա այն դրսեւորումը չէ, որն այս կամ այն կերպ ազդեր թեկուզ մեկ պատգամավորի որոշման վրա, ասենք, մեկնումեկին մղեր տատանվելու:

Բողոքի ակցիա ասվածն էլ փաստորեն հիմնականում արտահայտվեց խորհրդարանի ցանկապատին «Ոչ»-ի մեծ պաստառ փակցնելու, ապա այդ պաստառը ոստիկանների հետ քաշքշելու «գործողությամբ», որին հաջորդած «բերման ենթարկելով» էլ, թերեւս, այդ ցույցն ավարտվեց:
Սակայն ամենակարեւորը ոչ թե առանձին վերցրած բողոքի ակցիայի մանրամասներն են, այլ, ինչպես նշեցինք, սակավամարդությունը եւ այն, որ ակնհայտ դարձավ. «Ոչ»-ի ճակատ՝ որպես այդպիսին, չկա: Համենայն դեպս բազմաթիվ կազմակերպությունների թվարկումը, այլեւայլ կուսակցությունների հիշատակումը հուշում է, որ պետք է տպավորիչ ցուցարար զանգված լիներ: Մինչդեռ ամենեւին այդպես չէր:

Ակնհայտ է, ու հենց իրենք էլ՝ «ոչ»-ականները, այլեւս խոստովանում են, որ ոչ մի «ճակատ» էլ չկա, որ ինչ-որ մարտավարական հարցերում տարբեր մոտեցումներ ունեն: Առհասարակ այս «մարտավարական խնդիրները» հայրենի ընդդիմադիրներից շատերի վերջին փաստարկն են դարձել:

Հենց տեսնում են՝ բան չի ստացվում, հայտարարում են, թե «մարտավարական խնդիրներն ենք մշակում» կամ՝ «մարտավարական հարցերում որոշ տարբերություններ կան, պետք է համաձայնեցնել» ու նման բաներ: Իբր ռազմավարությունը, կներեք, «հորով-մորով են արել», իսկ այ, մարտավարության հարցում տեղապտույտ է:

Ակնհայտ է նաեւ, որ չնայած կազմակերպությունների անվանումները թղթի վրա մի երկար ցուցակ են կազմում, իրականում այդ «ցուցակը» ռեսուրսներ չունի: Մյուս կողմից՝ պարզ է նաեւ, որ չնայած առանձին-առանձին դեմ են հանդես գալիս սահմանադրությունը փոփոխելուն, բայց փաստորեն չեն կարողանում միավորել անգամ իրենց համեստ հնարավորությունները:

Դժվար է ասել, թե մինչեւ հանրաքվեն նրանց որքանո՞վ կհաջողվի հարթել այսպես ասած՝ «մարտավարական կնճիռները», բայց մինչ այժմ արած քայլերը դեռ առանձնակի տպավորիչ չեն: Միտինգային հարթակներից հնչեղ ասվում է՝ «ոչ», բայց պատկերն այնպիսին է, որ կարող է դուրս գալ… ոչինչ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031