«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերին խորհրդարանում քննարկվելիք 2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է, որ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կկազմի 190,7 մլրդ դրամ։
Նշենք, որ ընթացիկ 2015 թվականի համախմբված պետբյուջեն կազմում է 1 տրիլիոն 228,3 միլիարդ դրամ։ Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն արդեն իսկ ելնում է այն իրողությունից, որ պետբյուջեի մուտքերը եկող տարի էլ ավելի քիչ են լինելու։ Սա իր հերթին նշանակում է, որ այս տարվա պետբյուջեի պլանի թերակատարումն անխուսափելի է։ Մոտավոր հաշվարկներով այս տարվա պետբյուջեն կթերակատարվի 80-ից 100 միլիարդ դրամի չափով։
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ։
– ՀՀ Կառավարությունը ինչպիսի՞ բյուջե է համարում 2016 թվականի բյուջեն, արդյո՞ք այս բյուջեով լուծվելու են սոցիալական խնդիրներ, ի՞նչ պետք է ակնկալի հանրությունը 2016 թվականի բյուջեից։
Կարդացեք նաև
– Այժմ դրված է միկրոկայունության խնդիր, շատ զարգացման ծրագրեր՝ որպես այդպիսիք, չկան պայմանավորված եկամուտների սահմանափակվածությամբ, տնտեսական իրավիճակով եւ այլն։ Դա բյուջե է, այսպես ասած, ավելի համեստ, որտեղ հնարավորինս փորձել ենք իրատեսական գտնվել՝ ծախսեր կատարելու մեր ցանկությունների մեջ։ Սոցիալական ծախսերը պահպանված են այս տարվա մակարդակում։ Համեստ է այն առումով, որ մենք սովոր ենք գոնե յուրաքանչյուր տարի ոչ այդքան շատ, բայց ինչ-որ չափով թոշակի բարձրացում անել, նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որոշակի փոփոխություններ անել կամ որոշակի այլ սոցիալական հարցերի հետ կապված խնդիր լուծել, սակայն այդ առումով այս տարի համեստ է լինելու։
– Այսինքն՝ թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում 2016 թվականին չի լինելո՞ւ։
– Ոչ, այս ժամանակահատվածում աշխարհում շատ խառը իրավիճակ է ստեղծվել, նույնիսկ եղան տեղեր, որտեղ իրենց երկրի բնակիչների աշխատավարձերը իջեցվեցին։ Մենք ասում ենք՝ բարձրացումը լավ է, բայց նաեւ մենք մնում ենք կայուն վիճակում։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում