«Արդարությունը շահեց… Քննությունից պարզվեց, որ պետք է բաց թողնեն, եթե հանցագործ է, ինչի՞ բաց թողեցին»: Երեկ նման կարծիք հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանը՝ անդրադառնալով որդու՝ գրավով ազատ արձակմանը։
Դերենիկ Ղեւոնդյանը ազատ է արձակվել նախօրեին։ Քրեական գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դերենիկ Ղեւոնդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանը նախ բավարարել է քննիչի միջնորդությունը, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, եւ Դերենիկ Ղեւոնդյանն ազատ է արձակվել։
Երեկ պարզվեց, որ սույն գործով քննիչը դժգոհ է դատարանի որոշումից։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասաց, որ քննիչը դիմել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարանի՝ գրավ կիրառելու որոշման դեմ բողոք ներկայացնելու համար։
Լիսկայի վարորդի որդին մեղադրվում է սույն գործով տուժող Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու մեջ։
Ղեւոնդյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն (լուսանկարում) ասաց, որ իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունն անհիմն էր. «Քննիչը նույն հիմքով ոնց որ չորս ամիս առաջ էդ խեղճ տղուն կալանավորել էր, առանց մի թուղթ ավելացնելու՝ հերթական միջնորդությունն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Մենք դատարանին բերեցինք Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպեր, որ ո՛չ ջանասիրությունն է քննիչի հիմնավորվել, ո՛չ էլ հիմնավոր կասկածը որեւիցե հիմք չունի, որ Դերենիկ Ղեւոնդյանը կխոչընդոտի, կթաքնվի, անօրինական ազդեցություն կկատարի կամ կկատարի նոր այլ հանցանք։ Դրանք ամբողջը քննիչի չհիմնավորված ենթադրություններ են։ Նաեւ միջնորդեցինք, որ այնուամենայնիվ եթե դատարանը կբավարարի քննիչի միջնորդությունը, ապա որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառի գրավ։ Առաջարկեցինք 500 հազար դրամ, բայց դատարանը կիրառեց մեկ միլիոն դրամ գրավ։ Երեկ (նախօրեին) մուծել ենք գրավը եւ իմ պաշտպանյալն ազատ է արձակվել»,- ասաց Դերենիկի պաշտպանը։
Նա նաեւ դժգոհեց այն հանգամանքից, որ նախաքննական մարմինն արդեն հինգ ամիս է իրավական գնահատական չի տալիս Զաքարյան եղբայրների գործողություններին։ Մասնավորապես, Արմեն Մելքոնյանն ասաց, որ Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Դերենիկ Ղեւոնդյանը նույնպես վնասվածք ունի. «Նախաքննական մարմինը երբեւէ չի խոսում, որ նույն այդ Դերենիկ Ղեւոնդյանի հոնքը մոտավորապես 5 սմ երկարությամբ վնասված է, եւ այդ ընթացքում Դերենիկը բուժվել է։ Ասենք՝ մի սանիտիմետր վերեւ որ կպչեր՝ Դերենիկի աչքն էր դուրս գալու, ոչ թե Հարություն Զաքարյանի (տուժող Զաքարյանի աչքը վնասվել է, նա 7 անգամ վիրահատվել է,–հեղ.): Բայց առ այսօր վարույթն իրականացնող մարմինը գնահատական չի տալիս, թե ով է այդ վնասվածքը պատճառել, իրավունք ունե՞ր այդ վնասվածքը պատճառել, թե՝ ոչ, թե՞ նրանք (Զաքարյանները- Տ.Խ.) լիցենզիա ունեն, կարող են այդ վնասվածքը պատճառել ու պատասխան չտան։ Ասեմ ավելին, Դերենիկի վնասվածքը ունի հարթ հավասար եզրեր, ինչը խոսում է, որ վնասվածքը պատճառված է կա՛մ դանակով, կամ որեւէ այլ գործիքով: Սրա վերաբերյալ առ այսօր վարույթ իրականացնող մարմինը իրավական գնահատական չի էլ տվել»,- եզրափակեց Մելքոնյանը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում