Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Երկրում առկա բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրները կապ չունեն Սահմանադրության հետ» «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2015 10:20

Երեկ Էլինար Վարդանյանից փորձեցինք պարզել քվեարկությանը չներկայանալու պատճառները, ինչպես նաեւ Սահմանադրության փոփոխված փաթեթի մասին իրենց կարծիքը։

– Տիկին Վարդանյան, Սահմանադրության փոփոխված նախագծի քվեարկությանը Ձեր բացակայության փաստն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում հայտարարեցիք, որ չեք փոխել Ձեր դիրքորոշումը եւ դեմ եք փոփոխությունների փաթեթին, փոխվե՞լ է արդյոք Ձեր դիրքորոշումը, որի պատճառով չմասնակցեցիք քվեարկությանը։

– Ես բազմիցս նշել եմ, եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ նախկինում արտահայտած դիրքորոշումս փոփոխության չի ենթարկվել։ Իսկ նիստից բացակայելը եւս վերաբերմունքի ձեւ է։

Ցանկացած նախագծի կարելի է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ եւ չմասնակցել քվեարկությանը, քվեարկությանը չմասնակցելով՝ եւս արտահայտել եմ իմ դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ։

– Ի՞նչն էր խանգարում մասնակցել եւ հստակ «դեմ» արտահայտվել՝ տեղի չտալով տարատեսակ գնահատականների, գուցե չմասնակցելով չցանկացա՞ք սրել իրավիճակը՝ հաշվի առնելով ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանի հայտարարությունը, որ խմբակցության դիրքորոշումը բոլորը պարտավոր են կատարել։

– Ելնելով ԱԺ կանոնակարգի եւ Սահմանադրության ինձ տրված իրավասություններից, ես ինքս եմ որոշում ինչպես քվեարկել այս կամ այն օրենքի նախագծին, իսկ հայտարարություններն ինձ այս պահին այդքան էլ չեն հետաքրքրում։ Անկեղծ ասած՝ ինձ հետաքրքրում է, թե ինչ տեսակետ կունենա հասարակությունն իմ որոշումների եւ իմ քայլերի նկատմամբ։

– Ձեր կուսակիցները հայտարարում են, որ իրավիճակ է փոխվել, եւ սահմանադրական փոփոխությունները խիստ անհրաժեշտ են մեր երկրին։

– Գուցե ես կրկնվեմ, բայց երկրում առկա բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրները կապ չունեն Սահմանադրության հետ, հենց այդ խնդիրների առաջնահերթ լուծման կարիք ունենք մենք, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Կարծում եմ՝ այսքանը բավարար է հասկանալու համար, թե ինչու ես կողմ չեմ այս փոփոխություններին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031