Սահմանադրական փոփոխությունների թեմայի նշանակությունն, իմ կարծիքով, փոքր-ինչ ուռճացված է: Քաղաքական շրջանակներում եւ համացանցում մարդիկ իրար դեմ քարոզչական սրեր են ճոճում, առօրյա կյանքում, սակայն, սովորական մարդկանց մտահոգությունները հեռու են այդ թեմայից: Մեծամասնությունը դժգոհ է իր վիճակից եւ ցանկանում է, որ գան «բարի իշխանություններ», որոնք այդ վիճակից իրենց կհանեն, բարձր աշխատավարձ կտան եւ կվերադարձնեն օտարության մեջ գտնվող իրենց հարազատներին: Մի կարեւոր հանգամանք էլ՝ նրանք ասպարեզում եղած գործիչներին չեն տեսնում «բարի իշխանների» դերում եւ բազմաթիվ բողոքները շարադրելուց հետո հարց են տալիս՝ «բա որ այսինչը գա, յանի լա՞վ կլինի»:
Այդ ֆոնի վրա ընթանում է բավականին վերացական բանավեճ այն մասին, թե ում է ներկա կամ ապագա Սահմանադրությունը հնարավորություն տալիս նստել այս կամ այն աթոռին, կամ ում քաղաքական մենաշնորհն է պահպանվելու թղթի վրա գրված տեքստի միջոցով: Բանավեճը վերացական է այն պարզ պատճառով, որ Հայաստանում իրադարձությունները զարգանում են, մեղմ ասած, ոչ այնպես, ինչպես գրված է այս կամ այն տեքստում: Մինչեւ 1997 թվականի աշունը ոչ ոք չէր կասկածում ՀՀՇ-ի քաղաքական մենաշնորհին: Բայց այն վերացավ եւ փոխվեց այլ մենաշնորհներով ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրությունն էր այդ հնարավորությունը տալիս, այլ որովհետեւ այն ժամանակվա վարչապետը, պաշտպանության նախարարը ու ՆԳ եւ ԱԱ նախարարը որոշեցին պաշտոնանկ անել նախագահին: Սահմանադրությունը խիստ նախագահական էր (ոմանք ասում էին նույնիսկ՝ «բռնապետական»), այն լիակատար հնարավորություն էր տալիս նախագահին պաշտոնանկ անել իր դեմ ըմբոստացածներին: Բայց գրվածը մի բան է, իրականը՝ բոլորովին այլ: Իրականն այն էր, որ նախագահը չէր կարող առանց իրավիճակի ծայրահեղ սրման ազատվել այդ պաշտոնյաներից:
1999-ի մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո, երբ ճնշող մեծամասնությամբ խորհրդարան մտավ «Միասնություն» դաշինքը, եւ ՀՀԿ-ՀԺԿ տանդեմը քաղաքական մենաշնորհ ստացավ, Սահմանադրությունը նույնպես խիստ նախագահական էր, նախագահն օժտված էր բազմաթիվ իրավասություններով, որոնք, սակայն, չէր կարող իրականացնել եւ հայտնվել էր «դիտորդի» դերում: Ոչ թե թղթի վրա էր նման բան գրված, այլ ուժերի իրական հարաբերությունն էր ստիպում նախագահին դառնալ «անգլիական թագուհի»: Կառավարման այդ ճգնաժամը հանգուցալուծվեց «հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությամբ, եւ մի քանի ամիս անց՝ մոտավորապես 2000 թվականի մայիսից հաստատվեց ՀՀԿ քաղաքական մենաշնորհը՝ չնայած Սահմանադրության մեջ դա գրված չէր եւ նախատեսված չէր նաեւ 2005 թվականի փոփոխություններով: Իշխող նոմենկլատուրայի կուսակցության քաղաքական մենաշնորհը (անկախ նրանից՝ կկոչվի այդ կուսակցությունը ՀՀՇ, ՀՀԿ, թե «Հայ արիների բռունցք») պահպանվելու է ներկա եւ ապագա Սահմանադրությունների դեպքում, եւ նույնիսկ այն դեպքում, եթե ոչ մի Սահմանադրություն չլինի: Այն պայմաններում, երբ նախարարի վարորդը կարող է ավելի շատ հարցեր լուծել, քան փոխնախարարը, թղթի վրա գրված բառերի մասին վիճելն անիմաստ է:
…Նիդերլանդների Սահմանադրությամբ վարչապետին, նախարարներին եւ քաղաքապետերին նշանակում է թագավորը (թագուհին): Կարծես թե, բռնապետություն չի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եվս մեկ ՛՛Այո՛՛ հոդված՝ ՛՛հռչակված՛՛ ՛՛Ոչ՛՛-ի լույսի ներքո, այսինքն կարևորն այն չէ, թե ինչ ես հռչակում, կարևորն այն է, թե ինչ ես մատուցում հանրությանը: Ճիշտ և ճիշտ Ս. Սարգսյանի նման. Ասում է՝ ՛՛Առաջ Հայաստան՛՛, Հայաստանը հետընթաց է ապրում, ասում է. ՛՛Ապահով Հայաստան՛՛, Հայաստանում մոլեգնում է անպատիժ ջարդարարությունն ու սահմաններում զգալի կորուստներ ենք ունենում: Կներե՛ք, բայց ինչո՞ւ եք մարդկանց կույրի տեղ դնում:
Մեծամասնությունը բարի՞ է, որ ցանկանում է ունենալ իր նման «բարի իշխանություններ» ու «բարի իշխաններ»: