Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժայի թափանցիկ ակնարկները՝ «մեզ վրա հույս չդնեք»

Հոկտեմբեր 07,2015 16:00

Հոկտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք անդրադարձել են կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: «Սերժ Սարգսյանը եւ Նիկոլայ Բորդյուժան քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակը»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Բորդյուժան հանդիպել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, եւ նրա խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, ինչպես հայտնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի լրումն Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձել են իրադրությանն առնչվող խնդիրներին։

Նիկոլայ Բորդյուժան Հայաստանում ներկա էր ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» խաղաղարար զորավարժություններին, որոնց շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը: «Սկսենք նրանից, որ Հայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն ապահովել իրենց տարածքի անվտանգությունը: Նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»,- «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Այնուհետեւ Բորդյուժան հավելել է, թե Հայաստանի անվտանգությունն արդյունավետ կերպով պահպանվում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին կատարվողին՝ ես կարծում եմ, որ անընդունելի է, որ Հայաստանի տարածքները գնդակոծվում են, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործվում են ծանր զինատեսակներ»:

Ապա Բորդյուժան նաեւ նկատել է, թե մտահոգիչ է այն փաստը, որ վերջին ժամանակներս ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի, անդամ երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների արված հայտարարություններին որեւէ արձագանք չի լինում Հայաստանի հարեւանների կողմից. «Ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ սահմանին աճում է բախումների, գնդակոծությունների քանակը, ամբողջ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի կանխի տարածաշրջանային իրավիճակի սրացումը»: Ըստ նրա՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցածի հետ մեկտեղ տարածաշրջանում նոր սրացումն անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլորի համար: «Այն անընդունելի է ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համար: Եվ այդ պատճառով բոլոր գերտերությունները եւ միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն տեղի ունեցողին եւ կանխեն իրավիճակի սրումը»:

Լրագրողները փորձել են ճշտել, թե երբ ՀԱՊԿ-ն կմիջամտի եւ կփորձի պաշտպանել Հայաստանին, Բորդյուժան պատասխանել է, որ դա կլինի այն դեպքում, «երբ Հայաստանն այլեւս անկարող լինի պահպանել իր անվտանգությունը եւ կայունությունը: Այդ ժամանակ նա դիմում է իր դաշնակիցներին, եւ վերջիններս որոշում են կայացնում օգնության ձեւի մասին: Դա կարող է լինել քաղաքական կամ նյութատեխնիկական, կամ էլ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է հավաքական անվտանգության խորհրդի որոշումից»:

Այսպիսով՝ ՀԱՊԿ քարտուղարը Հայաստանում, վերջապես, անդրադարձավ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Սակայն Բորդյուժայի գնահատականները, մեղմ ասած, տարօրինակ են: Նա մի կողմից՝ անթույլատրելի է համարում, երբ ծանր տեխնիկայից գնդակոծում են Հայաստանի բնակավայրերը, բայց մտահոգություն է հայտնում, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության եւ ԱԳ նախարարների խորհուրդների բազմաթիվ հայտարարություններին մեր «հարեւանների կողմից արձագանք չի լինում»:

Բորդյուժան միջազգային հանրությանն է կոչ անում արտակարգ միջոցներ ձեռնարկել` հետագա սրացումը կանխելու համար՝ կարծես, մոռանալով, որ Հայաստանին, որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամի, պարտավոր են սատարել նախեւառաջ այդ կառույցի անդամ երկրները: Գումարած` Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի որոշակի պարտավորությունները:

Պարզվում է՝ ՀԱՊԿ-ը կմիջամտի եւ կփորձի պաշտպանել Հայաստանին այն դեպքում, երբ ըստ Բորդյուժայի` «Հայաստանն այլեւս անկարող լինի պահպանել իր անվտանգությունը եւ կայունությունը»:

Այսինքն՝ ասվածը կարելի է հասկանալ մոտավորապես այսպես` եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ հայտարարի եւ որոշ ժամանակ անց պարզվի, որ Հայաստանն այլեւս չի կարողանում պահպանել անվտանգությունը, այդ դեպքում Հայաստանին սատարելու հարցը կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում: Բնականաբար, ասվածից դեռ ամենեւին էլ չի բխում, որ այդ կազմակերպության անդամ երկրները Հայաստանին աջակցելու որոշում կարող են ընդունել` հաշվի առնելով այն հանգամանքը, թե այդ կազմակերպությունում ինչ ծանրակշիռ դիրքորոշում է առկա` «Ալիեւին չնեղացնելը»:

Բորդյուժան, փաստորեն, ժամանել էր Հայաստան, որպեսզի այստեղ տեղեկացնի, որ հայկական բանակի ներուժը կարող է կայունություն եւ անվտանգություն ապահովել, տարածքային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանել. «Որքանով ինձ հայտնի է, հենց դա էլ արվում է, եւ բավականաչափ հաջող»,- նկատել է նա:
Այլ կերպ ասած՝ Բորդյուժան ցանկանում էր Հայաստանի եւ Արցախի ժողովրդին ասել մեկ բան` «մեզ վրա հույս չդնեք»:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն երկրագնդի թեժ կետերում խաղաղապահ գործողություններ կատարելուն՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ այս պահին իրավիճակը սրվում է բոլոր ուղղություններով. «Երկրագնդի շատ թեժ կետերում, որոնք այժմ գոյություն ունեն, արդեն այսօր պարզ երեւում է, որ անհրաժեշտ է օգտագործել խաղաղապահ ուժեր»: Բորդյուժան հավելել է, թե հնարավոր գործողություններին պատրաստվելու համար խաղաղապահ ուժերը պետք է գործնական մարտական խնդիրներ կատարեն. «Չեմ կարծում, որ գործողությունները կլինեն, բայց, համենայնդեպս, մենք պետք է պատրաստ լինենք խաղաղապահ ուժերը կիրառելուն»:

ՀԱՊԿ-ի վրա «հույս դնել» միայն կարելի է, հավանաբար, այն ժամանակ, երբ Ռուսաստանը որոշի, որ մեր տարածաշրջանում իր ներկայությունը պարտադիր է: Այս դեպքում, վստահաբար, ՀԱՊԿ անդամ երկրների եւ տարածաշրջանի երկրների առաջնորդների ու հասարակությունների դիրքորոշումները այնքան էլ կարեւոր չեն լինի Մոսկվայի համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031