Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղողի մթերումը առանց գյուղացիներին նյարդայնացնելու չի անցնում

Հոկտեմբեր 07,2015 15:30

Մինչեւ ճանապարհներ չեն փակում՝ գյուղացիները
չեն կարողանում իրենց հուզող հարցերին լուծում տալ

Ամեն տարի խաղողի մթերման սեզոնից առաջ գյուղոլորտի պատասխանատուները վստահեցնում են, թե խաղողի մթերման հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, որ գործարանները պատրաստ են բերքն իրացնելու, սակայն արդեն սեզոնին մինչեւ «վերեւները» չեն խառնվում՝ գյուղացու բերքը առանց խնդիրների չի մթերվում:
Շաբաթ օրը «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները, որոնք դեռեւս ուրբաթ օրվանից տոննաներով բերքը ավտոմեքենաներին բարձած՝ «Պռոշյանի» կոնյակի գործարանի առաջ ժամերով կանգնած էին, սակայն նրանց խաղողի մթերումը, ինչպես գյուղացիներն էին նշում մեզ հետ զրույցում, իրենց համար անհայտ պատճառներով տեղի չէր ունենում:
«Հիսուն մեքենայով կանգնած ենք, ասում են՝ բոլորի բերքը ընդունելու ենք, բայց ընդամենը 7-10 մեքենա են ընդունել, ոչինչ չեն ասում, որ իմանանք պատճառը:

Ասում են՝ «պերերիվ» ենք անում, սպասեք, ասում են՝ փչացած ա, համբերեք: Մի երկու հոգի էլ սկսեցին վրդովվել, հայհոյեցին, ասացին՝ գնացեք, ընդհանրապես չենք ընդունելու: Սա ի՞նչ վերաբերմունք է: Ամեն անգամ առանց ներվայնանալու չի անցնում մթերման պրոցեսը: Առանց այն էլ ամբողջ տարին շունչներս պահած սպասում ենք, որ բերքը կարկուտը չվնասի, երաշտ չլինի, ցուրտը չտանի, հիմի էլ բերքը հասունացել է՝ գործարաններն են խնդիրներ սարքում»,- ասաց Եղեգնուտի գյուղացիներից մեկը, որը նույնպես մի քանի մեքենայով խաղող պետք է մթերեր:
Գյուղացիների խոսքերով՝ անգամ մեկ օրը նշանակություն ունի, եւ ուշացման պատճառով խաղողի շաքարայնությունն իջնում է, որից էլ որակը տուժում է, իսկ այդ պարագայում գործարանը չի ուզում պայմանավորված գնով այն ընդունել:

Ինչպես Եղեգնուտի գյուղատնտեսներն ասացին, չեն կարողացել գյուղատնտեսության նախարարության թեժ գծին իրենց բողոքը հասցնել, սակայն եղեգնուտցիների խնդրին ավելի ուշ արձագանքել է խաղողի մթերման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վայոց ձորի մարզ մեկնած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Պատասխանելով աղավնաձորցիների՝ մթերման գործընթացի հետ կապված մտահոգություններին՝ նախարարը նաեւ անդրադարձել է արմավիրցիների եւ արարատցիների հարցին՝ հավաստիացնելով, որ չնայած ներկայումս մթերման հետ կապված հերթեր են գոյացել Արարատի եւ Արմավիրի մարզերում, սակայն միջոցներ են ձեռնարկվում այս հարցի լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքէջից: Սերգո Կարապետյանը ասել է, որ «աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար այժմ մի շարք փոքր ընկերությունների վարկեր են տրամադրվում: Որոշ ընկերություններ արդեն ստացել են այդ վարկերը, իսկ մյուս մասը քննարկման փուլում է»:

Նշենք, որ անցյալ տարի էլ Աղավնաձոր գյուղի խաղողագործներն էին մթերման խնդիրների առաջ կանգնել: Միայն բնակիչների՝ միջպետական ճանապարհը փակելուց եւ համայնք գյուղնախարարի այցից հետո մթերումը մասնակի վերականգնվեց:

«Առավոտ» օրաթերթ
06.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031