Իրավաբան Տիգրան Սարգսյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններով պառլամենտական կառավարման կարգի ներդրման իմիտացիա է արվում:
Ըստ իրավաբան Տիգրան Սարգսյանի` եթե մենք ցանկանում ենք ունենալ պառլամենտական կառավարման կարգ, նախ պետք է պառլամենտ ունենանք: Հակառակ դեպքում սահմանադրական փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր պետության համար:
Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ սահմանադրական նորմերը պետք է դիտարկել իրականության մեջ: Իրականում Ազգային ժողովը իր որակներով շատ հեռու է պետական կառավարում իրականացնելու հնարավորություն ունենալուց.
«Պառլամենտական վերահսկողական սահմանադրական մեխանիզմները չեն կարող կենսագործվել Ազգային ժողովում պատգամավոր չունենալու պատճառով. եղած պատգամավորները չեն կարող պատգամավոր համարվել: Արդյունքում մենք կարող ենք ունենալ սուպերվարչապետական կառավարման կարգ, որը աննախադեպ կլինի աշխարհում՝ իր բացասական հետեւանքներով»:
Իրավաբանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուրս կարող ենք հետեւել պառլամենտի աշխատանքներին, ընդունված օրինագծերի գրեթե 98 տոկոսը կառավարության հեղինակածն է, եւ ստացվում է, որ կառավարությունը եւ օրենսդիր, եւ գործադիր ֆունկցիա է կատարում. «Սա հատուկ է աֆտորիտար կառավարման համակարգին: Գործող Սահմանադրության պայմաններում կառավարությունը գոնե վերահսկելի է նախագահի կողմից: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարությունը փաստացի անվերահսկելի կլինի»,- համոզված է իրավաբանը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների նախագծով էապես բարձրանում է պետական կառավարման կարեւորագույն ինստիտուտի՝ խորհրդարանի դերը. «Ցավալին էլ այն է, որ դե ֆակտո մենք խորհրդարան չունենք: Խորհրդարանում միտումնավոր հավաքել են մարդկանց, որոնք իրենց որակներով չեն կարող իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները՝ դրանով էլ անվերահսկելի դարձնելով կառավարությանը: Եթե գնում են սահմանադրական փոփոխությունների նման ճանապարհով, ուրեմն անհրաժեշտ է դադարեցնել գործող Ազգային ժողովի լիազորությունները, նոր ընտրություններով ընտրել նոր մարդկանց՝ նոր որակներով, հետո նոր միայն քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015
Լուսանկարը` past.am-ի