«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը պետք է տա պետական հակակոռուպցիոն հանձնաժողովը: Մեզ համար առավել քան ակնհայտ է, որ դատախազությունը հովանավորում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Պողոսյանը նշում է, որ իրենք վաղուց են հրապարակայնորեն հայտարարել, որ Երիցյանը հովանավորներ ունի դատախազությունում, սակայն իրավասու մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկել «այս հանցավոր համագործակցությունը բացահայտելու ուղղությամբ»:
«Առավոտը» գրել էր, որ Հովհաննես Երիցյանը կեղծ տեղեկություններ էր հայտնել քննչական մարմիններին, որոնց հիման վրա Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել: Քրեական գործը կարճվել էր, քանի որ ապացուցվել էր, որ նախկին պաշտոնյան կեղծ տեղեկություններ էր հայտնել:
Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ նշելով, որ Հովհաննես Երիցյանը դիտավորությամբ սուտ մատնություն է կատարել իր դեմ: Հարուցվել էր քրեական գործ, որը կարճվել էր այն եզրակացությամբ, թե իբր Երիցյանը չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է հայտնում Մարինա Պողոսյանի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Վերջերս Մարինա Պողոսյանը կարողացել էր դատարանի միջոցով ապացուցել, որ Երիցյանի դեմ հարուցված քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականում չի տարվել: Դատախազությունը, սակայն, չի հաշտվել իրավապաշտպանի տարած հաղթանակի հետ եւ որոշել է բողոքարկել դատարանի որոշումը: Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը:
«Երբ մեր կազմակերպությունը սկսեց իր պայքարը հանուն օրինականության եւ հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության, մեզ թվում էր, թե մենք ընդամենը հանցավոր խմբի դեմ ենք պայքարում, բայց այժմ ակնհայտ է դառնում, որ մեր դեմ է դուրս եկել մի ամբողջ պետական համակարգ՝ ի դեմս դատախազության: Դատախազությունը ժողովրդական լեզվով ասած՝ «դոշ է տալիս» Երիցյանի համար»,- նշում է Մարինա Պողոսյանը:
Դեռ պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանն ինչպիսի որոշում կկայացնի, սակայն իրավապաշտպանը մտահոգված է, որ երկրում կարող է բացասական նախադեպ ստեղծվել:
«Եթե Վերաքննիչ դատարանը բավարարի դատախազության բողոքը, ապա կստեղծվի մի նախադեպ, որը թույլ կտա յուրաքանչյուրին կեղծ տեղեկություններ հաղորդել ակտիվ եւ պայքարող քաղաքացիների դեմ՝ այսպիսով փորձելով լռեցնել նրանց: Իսկ երբ այդ գործը ձախողվի ու բացահայտվի, որ տեղեկությունները կեղծ են, սուտ մատնություն կատարողը չի պատժվի, այլ ընդամենը կհայտարարի, որ ինքը չի գիտակցել, որ կեղծ տեղեկություններ է տվել»,- բացատրում է Մարինա Պողոսյանը:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015
Լուսանկարը` «Առաջին լրատվական»-ի