Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան
Սորին Վասիլեն տպավորված է Հայաստանի մշակույթով
Գերմանիայի միասնության օրվա առիթով օրերս կազմակերպված միջոցառմանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաեւ Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն, որը շուրջ երկու տարի է՝ դիվանագիտական առաքելություն է իրականացնում Հայաստանում:
Նա սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Դեսպանը նշեց, որ մինչեւ Հայաստան գալը բավականին տեղեկացված է եղել մեր երկրի մասին: Նրա ձեւակերպմամբ՝ ունենք հրաշալի ու հին հայկական համայնք Ռումինիայում: Հավելենք, որ հայերը ռումինական տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռեւս 967թ. Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին: Ինչ վերաբերում է Ռումինիայի Հայոց թեմին, այն ամենահներից է Սփյուռքում, իսկ Հայոց եպիսկոպոսական աթոռը այստեղ հաստատվել է 1400-ականներից:
«Այս երկու տարիներին, ինչ իմ դիվանագիտական առաքելությունն եմ իրականացնում Հայաստանում, հասկացել եմ մի բան՝ հայ ժողովուրդը մի ժողովուրդ է, որը մշակույթ է սիրում, գիտություն, սիրում է գեղեցիկը, սիրում է գեղեցիկ արտահայտվել, լավ երաժշտություն ու կինո է սիրում, մի խոսքով՝ հայերը գեղեցկություն ստեղծող ժողովուրդ են»,- հայտնեց Սորին Վասիլեն:
Դեսպանն ասում է, որ համարյա ամեն շաբաթ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները, դիտում օպերային ներկայացումներ, մեծագույն հաճույքով Կոմիտաս է վայելում եւ հայ ազգային երաժշտություն: «Հայկական ջազ նույնպես սիրում եմ, մանավանդ դուք ջազի հրաշալի վարպետներ ունեք, հիմա միայն Մալխասի անունը կտամ, բայց հայկական ջազի մի ամբողջ համաստեղություն է գործում Հայաստանում: Ցավոք, ժամանակի սղություն ունեմ, այլապես որեւէ միջոցառում բաց չէի թողնի: Թե չէ՝ հաճախ աշխատանքային զբաղվածության պատճառով ստիպված ես բաց թողնել լավագույն համերգներն ու միջոցառումները»,- ասում է դեսպանը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որը Հայաստանում հաճախ է անցկացվում այս կամ այն երկրի կինոյի շաբաթ, երաժշտական փառատոն եւ այլն, իսկ ռումինական կինոյի շաբաթ կամ երաժշտական փառատոն չի կայանում մեր երկրում, Սորին Վասիլեն չհամաձայնեց: Ի պատասխան՝ նա վկայակոչեց օգոստոսի 28-ին հանրահայտ Fly Project խմբի համերգը, ասաց, որ չնայած անձրեւ էր գալիս, բայց ունկնդիրը վայելում էր այն: Նաեւ հիշեց ռումինացի ճանաչված ջութակահար Ալեքսանդր Տոմեսկուի ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի նախաձեռնությունը մաեստրո Էդուարդ Թոփչյանինն էր:
Պարզեցինք, որ դեսպանը որոշ հայերեն բառեր ու արտահայտություններ է սովորել, օրինակ, «բարեւ ձեզ», «բարի երեկո», «շնորհակալություն», ասում է՝ կես էջ կկարդա հայերեն: Նա տպավորված է հայկական խոհանոցով, էկոլոգիապես մաքուր մթերքներով ու հայկական հյուրընկալությամբ:
Դեսպան Վասիլեն մաղթեց, որ հայ ժողովուրդն ապրի հրաշալի պայմաններում, զարգացնի այլ երկրների հետ մշակութային, տնտեսական, սոցիալական եւ մյուս կապերը, հայ ժողովուրդը ապրի խաղաղ, ու բոլոր երեխաները միշտ ժպտան:
Երբ սահմանային լարվածության ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին հարց ուղղեցինք, դեսպանն ընդամենը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում երկու կողմերը կգտնեն ռեսուրսներ՝ հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու համար, որպեսզի անմեղ մարդիկ չզոհվեն, ու մարդիկ ապրեն առանց վախի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Սիվիլնեթի» կայքից:
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015
Նայի Հայաստանի այլանդակված շենքերին ու լսի արաբաթուրքական կլկլոցներն ու վելի կհասկանաս, թե հայեր ինչ գեղեցկություն ստեղծող ժողովուրդ են: