Վերջերս ավարտեցի Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը՝ նվիրված լեգենդար հայորդի Հակոբ Բադալի Հովակիմյանին։ Արցունքներս հորդում են, զսպել չեմ կարող։ Մեծն հայորդին կյանքը բազմիցս վտանգելով՝ առավել եւ անհավանական թվացող արդյունքների է հասել։ Մշտապես քայլելով երկսայր սրերով պատված անդնդախոր կածաններով։ Գիտակցելով՝ աննշան անզգուշության դեպքում կհայտնվի այնպիսի մի տեղ, որ հետքն անգամ չի երեւա…կդառնա Բերիայի նման «բորենիների» կերակուր…
Լեգենդար հետախույզը մեկ ու կես տարում ԽՍՀՄ կենտրոն է ուղարկել 31.000 էջ տեխնիկական փաստագրական տվյալներ, 1055 գծագրերի կոմպլեքս, տիտանական աշխատանք, մեծագույն պրոֆեսիոնալիզմ:
Հերոսական մաքառումներն ուղեկցվում էին հայրենիքի եւ ընտանիքի կարոտով, սիրով։ Խորհրդային «Կիմ» շոգենավի ժամանումը Սան Ֆրանցիսկո՝ ժամանակավորապես մեղմեց ընտանիքի կարոտը, որովհետեւ ժամանեցին կինը՝ Վերան, եւ միակ դուստրը՝ Էգինան։ Ժամանումը ժամանակավոր էր։
1967թ. լեգենդար, արժանահիշատակ հայորդու վերջին խոսքերն էին Հովհաննես Թումանյանի տողերը. «Կյանքս թեթեւ տանուլ տված գրազ եղավ, անցկացավ»։ Միակ թոռնուհին՝ Կարինե Դարբինյանը հպարտանալու իրավունք ունի իր արմատներով…
Անչափ շնորհակալ եմ գրող Աշոտ Աղաբաբյանին՝ «Ռեզիդենտը» փաստագրական վեպով երկրի պատմության փակ էջերից մեկը բացելու համար։ Նաեւ գրքի հովանավոր Խաչիկ Խաչատրյանին։
ՌԻՄԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Ժողովրդական կրթության գերազանցիկ,
վետերան-մանկավարժ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015