Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թուրքագիտական դպրոցի շարունակման երախտավորը

Հոկտեմբեր 07,2015 13:00

Ռուբեն Սաֆրաստյանի ծննդյան 60-ամյակի առիթով

Արեւելագիտության հիմնական ճյուղերից մեկը` թուրքագիտությունը տարբեր երկրներում եւ գերտերություններում վաղուց արդեն ունի կարեւոր, ստրատեգիական նշանակություն ինչպես գիտա-վերլուծական, այնպես էլ քաղաքական ասպարեզներում: Հայկական թուրքագիտական դպրոցը իր արժանի տեղն ունի համաշխարհային արեւելագիտության մեջ` սկսած այդ գիտակարգի ձեւավորման վաղ փուլից մինչեւ մեր օրերը, իսկ հայ մասնագետները իրենց աշխատություններով եւ գործունեությամբ էական նպաստ են բերել արեւելագիտության զարգացման գործին, ինչը մասնագիտական շրջանակներում վաղուց ամրագրված իրողություն է:

Առանց չափազանցության հարկ է փաստել, որ հայկական եւ հայաստանյան թուրքագիտական դպրոցը իրոք փառավոր ուղի է անցել եւ տվել համաշխարհային ճանաչում վաստակած անուններ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արեւելագիտությունը ընդհանրապես՝ այդ թվում եւ թուրքագիտությունը, տարբեր երկրների ու հատկապես անկախ Հայաստանի համար ձեռք բերեց էլ ավելի մեծ կարեւորություն` կապված ինչպես ոչ հեռավոր անցյալի պատմության, այնպես էլ տարածաշրջանային որոշակի զարգացումների հետ: Դրանով նաեւ մեծացավ մասնագիտական այն է` թուրքագիտական դպրոցի լավագույն ավանդույթների, ձեռքբերումների պահպանման եւ շարունակման պատասխանատվության հարցը:

Անկախ Հայաստանում կայսերական գիտությունից դեպի առավել ազգային գիտության անցման, նոր մոտեցումների որդեգրման, ժամանակի հրամայականներին ադեկվատ արձագանքելու եւ, ի վերջո, սերնդափոխության խնդիրը դարձավ օրակարգային նաեւ թուրքագիտության ասպարեզում: Իսկ ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները երիտասարդության համար ամենեւին էլ նպաստավոր եւ գրավիչ չէին գիտության ոլորտը նախընտրելու առումով, ինչն իր հերթին դժվարեցնում, իսկ երբեմն ընդհատում էր գիտական դպրոցների շարունակականությունը: Թուրքագիտության պարագայում այդ «դադարը» չէր սահմանափակվելու միայն գիտության ոլորտով…

Ահա հենց այս եւ նաեւ այլ իրողությունների համատեքստում է պետք կարեւորել ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի վաստակն ու գործունեությունը: Լինելով մի կողմից թուրքագիտության հայկական դպրոցի լավագույն ավանդույթների կրող, ինչպես նաեւ բառիս բուն իմաստով թուրքագիտական ընտանիքի ներկայացուցիչ (մեծանուն օսմանագետ Արամ Սաֆրաստյանի թոռը)` նա իր առջեւ խնդիր դրեց եւ, ըստ էության, լուծեց դա. այսօր հայկական թուրքագիտությունը ոչ միայն լուծել է դպրոցի շարունակականությունը ապահովելու եւ ճիշտ սերնդափոխությունը կազմակերպելու բարդ գործը, այլեւ ամենաակտիվ ուղղություններից է հայաստանյան արեւելագիտության ասպարեզում եւ մրցունակ՝ միջազգային հարթությունում: Անկախ Հայաստանում կրթվել եւ կայացել են թուրքագետներ, որոնք որոշակի նեղ ու կարեւոր ուղղվածության խորագիտակ մասնագետներ են, ինչպես նաեւ տիրապետում են ընդհանուր թուրքագիտական գիտելիքին: Այսօր հայաստանյան թուրքագիտական դպրոցում կան տարբեր սերունդների մասնագետներ եւ ընդհանրապես այս գիտակարգում անզեն աչքով անգամ նկատելի է ակտիվությունը: Այս ամենի նախադրյալները եւ արմատները որոնելիս հիմա ու հետագայում ուսումնասիրողները պետք է տեսնեն եւ հատուկ արժեւորեն Ռուբեն Սաֆրաստյանի դերը:

Ակադեմիկոս Սաֆրաստյանը այսօր թուրքագիտության ասպարեզում գործունեություն ծավալող շատ մասնագետների Ուսուցիչն է. թուրքագետների մի մասը նրա ուղղակի ասպիրանտներ են եղել, մի մասը` ուսանողները, իսկ մի մասը՝ կրտսեր գործընկերները: Կոնկրետ իմ պարագայում եւս Սաֆրաստյանը եւ նրա գործունեությունը ունեցել են կողմնորոշիչ նշանակություն: Դեռեւս ուսանողական շրջանից ինձ մոտ վառ է մնացել հիշողությունը, երբ Գերմանիայից վերադարձած եւ մեզ` թուրքագետ-ուսանողներիս, համար յուրահատուկ ընկալում ունեցող Ռուբեն Սաֆրաստյանը, ով մեզ դասավանդում էր Թուրքիայի պատմություն, հրավիրեց ինձ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Արեւելագիտության ինստիտուտ եւ սկսեց խոսել հայկական թուրքագիտության դպրոցի ու դրա շարունակության խնդրի մասին: Իր զրույցը Սաֆրաստյանն ավարտեց նրանով, որ ինձ կոչ արեց ընտրել գիտության ուղին եւ շարունակել ուսումս ասպիրանտուրայում: Ես տեսնում էի այն ժամանակ մոտ 40-ամյա Սաֆրաստյանի` իրեն բնորոշ զուսպ ոգեւորությունը եւ բառիս բուն իմաստով պատասխանատվության զգացումը ոլորտի ու գիտակարգի առջեւ, ինչը որոշակիորեն վարակիչ էր: Ճիշտ է, ես ասպիրանտական ուսումս շարունակեցի ոչ թե Ակադեմիայում, այլ ԵՊՀ-ում եւ իմ գիտական ղեկավարն ու ուսուցիչը ոլորտի մեկ այլ նվիրյալ էր` պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, սակայն այդ եւ հետագա տարիներին, ինչպես նաեւ ներկայումս ես զգացել եմ Ռուբեն Սաֆրաստյանի գիտական համակողմանի աջակցությունը իմ մասնագիտական ուսումնասիրություններում եւ գործունեությունում:

Խոսելով Ռուբեն Սաֆրաստյանի գործունեության մասին` հարկ է հատուկ առանձնացնել հայկական թուրքագիտության քիչ կամ ընդհանրապես չուսումնասիրած, սակայն գիտական եւ քաղաքական կարեւոր նշանակություն ունեցող թեմաների նրա կողմից ուսումնասիրումը եւ դրանք մեր գիտական օրակարգ տեղափոխումը: Կարեւոր է շեշտել, որ արդիական համարվող թեմաների ուսումնասիրություններ Սաֆրաստյանի խորհրդով եւ անմիջական ղեկավարությամբ կատարել ու կատարում են նաեւ նրա ասպիրանտները: Այսինքն` Սաֆրաստյանը մատնանշում է գիտական կարեւորության թեման, դրա ուսումնասիրման ուղին, մեթոդը եւ այդպիսով ձեւավորում ու կայացնում նոր մասնագետի: Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Սաֆրաստյանին լիովին խորթ է «մասնագիտական» կամ «գիտական» խանդ կոչվող երեւույթը, որը երբեմն թույլ չի տվել տարբեր մասնագետներին ստեղծել դպրոց եւ պատրաստել երիտասարդ մասնագետների:

Ռուբեն Սաֆրաստյանի գործունեության մյուս ոլորտը` գիտականորեն իրավիճակային վերլուծություններ կատարելը եւ դրանք առավել մատչելի կերպով ոչ մասնագիտական ու լրագրողական հանրությանը ներկայացնելը, նույնպես շատ է կարեւորվում: Կարելի է ասել, որ հենց Սաֆրաստյանն է նախաձեռնել եւ սկսել մամուլի ասուլիսների միջոցով հանրությանը մասնագիտական` թուրքագիտական կարծիք ներկայացնելու այսօր արդեն խիստ տարածված դարձած պրակտիկան:
Սաֆրաստյանն իր գործունեությամբ եւ կենսագրությամբ, իրոք, վաստակել է Ուսուցիչ կոչվելու բարձր անունը (միգուցե խորհրդանշական է նաեւ նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 5՝ Ուսուցիչների միջազգային օր), ընդ որում՝ այդ բառի նաեւ արեւելյան ընկալմամբ: Թուրքագետների առնվազն իմ սերունդը գիտի, որ մասնագիտական փնտրտուքների, որոնումների մեջ կողմնորոշվելու եւ ճիշտ խորհուրդ ստանալու համար կարող է դիմել Սաֆրաստյանին: Նրա կարճ եւ լակոնիկ զրույցն ու պատասխանները միանշանակ բանալի են դառնում խնդրի ճիշտ շեշտադրման եւ լուծման ուղին գտնելու համար:

Սակայն Ռուբեն Սաֆրաստյանի դեպքում ճիշտ չի լինի չշեշտել եւ չարժեւորել նրա նաեւ անհատական հատկանիշները, որոնք ոչ պակաս կարեւոր եւ ուսանելի են: Նվիրյալ գիտնականի կերպարի անբաժանելի մասն են կազմում բնատուր եւ չփոխվող համեստությունը, պարզությունը, կենցաղայինից հեռու եւ նյութական արժեքների հանդեպ անտարբեր նկարագիրը: Տարիներ առաջ գիտության մեջ առաջին քայլերն անող Ռուբեն Սաֆրաստյանը եւ այսօր այդ ոլորտի բարձունքներին հասած ու ակադեմիկոսի կոչման արժանացած Սաֆրաստյանը նույնն է գիտության առջեւ իր պատասխանատվության զգացումով, դավանած արժեքների անփոփոխությամբ: Այսօր էլ տարիքի եւ փորձի հետ կուտակած իր ահռելի գիտելիքները նա մատուցում է համեստությամբ եւ պարզությամբ:
Ուստի, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի 60-ամյա հոբելյանը, իրոք, առիթ է մի պահ կանգ առնելու, տեսնելու եւ գնահատելու նրա անցած ուղին, նրա ստեղծած գիտական չափորոշիչները եւ աշխատանքները, նրա բացած ուղիները: Այդ ամենը լավագույնս միահյուսված են թուրքագիտության հայկական դպրոցի ավանդույթների յուրացման, պահպանման եւ շարունակման նրա ջանքերում: Իր այդ գործը Սաֆրաստյանը արել է եւ անում է առանց ավելորդ շեփորումների ու բարձրաձայնումների, զուսպ եւ համեստ: Նա պահպանել եւ շարունակել է դպրոցը, երիտասարդներին սովորեցրել սիրել գիտությունը եւ դրան մոտենալ գիտնականի ու քաղաքացու պատասխանատվությամբ:

Սիրելի Ուսուցիչ, Հայաստանի թուրքագիտական դպրոցի շարունակման իրական Երախտավոր, շնորհավորում եմ Ձեր 60-ամյա հոբելյանը, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք ու անսպառ էներգիա` գիտական նոր նվաճումների եւ ձեռքբերումների հասնելու ճանապարհին:

Ձեր վաստակի առջեւ խոնարհումով, իսկ Ձեր փոխանցած գիտելիքների համար երախտագիտությամբ`
ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ,
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան

«Առավոտ» օրաթերթ
06.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031