Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմիտասի հետքերով

Հոկտեմբեր 07,2015 12:30

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆոնդը, որի հիմքը կազմված է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից, իր ստեղծման օրվանից՝ այս տարվա հունվարի 29-ից շարունակում է համալրվել նոր, մասնագետներին եւ երաժշտասեր լայն հասարակությանը դեռեւս անհայտ նյութերով:

Մասնավորապես, հուլիսի սկզբին Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ Հայաստանի մշակույթի նախարարության եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան աջակցությամբ՝ որոշակի կապեր են հաստատել Գերմանիայի երկու նշանավոր հաստատությունների հետ՝ հետագա համագործակցության հեռանկարային ծրագրով, կապված Գերմանիայում Կոմիտասի կյանքի եւ գործունեության հետքերի որոնման հետ:

Խոսքը Բեռլինի Հումբոլդտ եղբայրների անվան համալսարանի (նախկինում Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարան), որի փիլիսոփայական ֆակուլտետի երաժշտագիտական բաժնում 1896-1899 թթ. ուսանել է Կոմիտասը եւ Breitkopf &HՊrtel հայտնի հրատարակչատան մասին է, որում 1899-1914 թթ. հրատարակվել են նրա գործերը: Հումբոլդտ եղբայրների համալսարանի արխիվում՝ չնայած երկու համաշխարհային պատերազմների՝ 1899-ից առ այսօր խնամքով պահպանվում են Կոմիտասի ուսումնական տարիների փաստաթղթերը, որոնցից երեքի լուսապատճենները՝ ավարտական վկայականի մայրօրինակը, նրա անցած առարկաների ցանկն ու նրա գրած ստացականը հանձնվել են Կոմիտասի թանգարանին:

komitas-2
Որոշակի առաջխաղացում նշմարվեց նաեւ Ֆրանսիայում կոմիտասյան հետքերի որոնման ճանապարհին՝ սեպտեմբերի 29-ին ֆրանսահայ երաժիշտ Կոմիտաս Գեւորգյանի նվիրաբերած բավականին հարուստ հավաքածուի շնորհիվ: Այդ օրը թանգարանի ֆոնդը համալրվեց Ֆրանսիայի հետ կապված մի շարք կարեւոր փաստաթղթերով:

Այստեղ էին եւ լուսանկարներ, եւ Վիլ-Ժուիֆ հիվանդանոցից Կոմիտասի անբաժան ընկերոջը՝ Աստվածատուր Հարենցին ուղղված մի շարք նամակներ եւ հեռագրեր՝ այդ թվում եւ վարդապետի մահվան բոթը հայտնող հեռագիրը, եւ թաղման արարողության հետ կապված մանրամասներ, եւ վարդապետի այցեքարտը՝ իր ձեռքով գրված հրաժեշտի խոսքերով (բոլորը՝ բնօրինակներ): Հավաքածուի մեջ ընդգրկված են նաեւ Ա. Հարենցի եւ նվիրատուի հոր՝ խմբավար եւ երաժշտագետ Հրանտ Գեւորգյանի կյանքին եւ գործունեությանն առնչվող նյութեր: Այդ նյութերից պարզ է դառնում, մասնավորապես, որ հավաքածուն սկիզբ է առել Հրանտ Գեւորգյանի կատարած երկարատեւ նվիրական աշխատանքի ընթացքում՝ թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայրենիքում, ուր նա վերադարձել է 1946-ին եւ 40-ական թվականների վերջից կաթողիկոս Գեւորգ VI Չորեքչյանի հրավերով ստեղծել եւ գլխավորել է Ս. Էջմիածնի երգչախումբը՝ դառնալով Կոմիտասի բազում հոգեւոր երկերի առաջին կատարողը Հայաստանում: Նրա որդին՝ կոմպոզիտոր եւ դիրիժոր Կոմիտաս Գեւորգյանը, իր հավաքածուից բացի, ընծայեց թանգարանին իր կազմած «Կոմիտասի հետքերով» մանկական պիեսների ժողովածուն եւ երաժշտական տերմինների բառարանը:

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանի հավաստմամբ՝ անցած 8 ամիսների ընթացքում թանգարանին արված նվիրատվությունների թիվը բավականին մեծ է եւ այդ մասին տարվա վերջում հատուկ բյուլետեն կտպագրվի: Ինչ վերաբերում է նվիրատուներից ստացված նմուշներին՝ ապա նա վստահ է, որ դրանցից յուրաքանչյուրը պատշաճ կերպով կուսումնասիրվի եւ իր ուրույն տեղը կգտնի թանգարան-ինստիտուտում պատրաստվող նորանոր ցուցադրումներում: Հուսանք, որ Կոմիտասի կյանքի վերջին տարիներին վերաբերվող նյութերը, ստացված լինելով Կոմիտասի մահվան 80-րդ տարելիցի նախօրեին, արդեն իսկ այս տարվա ընթացքում տեղ կգտնեն թանգարանի համապատասխան ցուցադրման մեջ:

ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պետրոս Շուժունյան says:

    Պետք է ամեն ինչ անել,որ դրսում մնացած բոլոր մայրօրնակ փաստաթղթերը կապված Կոմիտաս վարդապետին վերադառնան իր այսօվա Նոր Տունը:

    Շարունակեք Ձեր լավ աշխատանքը,

    Պետրոս Շուժունյան
    http://www.musicaunica.com

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031