Ռուսներն ու ամերիկացիներն ակնհայտորեն տարբեր
ձեւով են հասկանում «չափավոր ընդդիմություն» հասկացությունը
Ի՞նչ է նշանակում «չափավոր» ընդդիմություն: Հայաստանյան ընկալմամբ՝ այսօր, ենթադրենք, Դաշնակցությունը չափավոր է, իսկ ոչ չափավորը, արմատականը, ենթադրենք, ՀԱԿ-ն է: Կամ՝ 90-ականներին չափավորը ՀՌԱԿ-ն էր (ի դեպ, ի՞նչ եղավ այդ կուսակցությունը), իսկ ռադիկալը՝ նույն ՀՅԴ-ն: Այսինքն՝ մեր իրականության մեջ չափավորը նա է, ով ինչ-որ հարցերով պատրաստ է բանակցել իշխանությունների հետ՝ այս կամ այն կոնկրետ խնդիրը լուծելու համար, իսկ արմատականը նա է, ով ոչ մի բան չի ուզում լսել, միայն անհապաղ իշխանափոխություն է պահանջում: Չափավորության եւ ռադիկալիզմի այս ընկալումները, կարծում եմ, հիմնականում տեղադրվում են արեւմտյան քաղաքագիտության սկզբունքների մեջ:
Այլ է Սիրիայում: Այնտեղ թե՛ չափավոր եւ թե՛ ռադիկալ ընդդիմությունը զինված է: «Չափավորները» սպանում են եւ մորթում, բայց դա չեն նկարահանում եւ համացանցում չեն տեղադրում, իսկ արմատականներն իրենց սպանություններով հրապարակավ հպարտանում են: Ամերիկյան դասակարգմամբ՝ Ասադի ռեժիմի դեմ պայքարող բոլոր զինյալները, բացի «Իսլամական պետությունից», չափավոր են: Ռուսական դասակարգմամբ՝ Ասադի դեմ կռվող բոլոր զինյալներն ահաբեկիչներ են: Իհարկե, աշխարհի ցանկացած երկրում ընդդիմադիրները սիրում են մեջբերել ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների հռչակագրի նախաբանը, որտեղ նշվում է, որ պետք է պահպանվեն մարդու իրավունքները, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց, ստիպված չլինի ապստամբել բռնապետության դեմ: Բայց այնտեղ գրված չէ, որ ապստամբությունը պետք է զինված լինի: Չնայած, մյուս կողմից, պարզ է, որ Ասադի ռեժիմը բռնապետական է եւ պատրաստ է ցանկացած ընդվզում ճնշել զենքի ուժով:
Եվ այսպես՝ որպես «չափավոր ընդդիմություն» Արեւմուտքը դիտարկում է նախեւառաջ Սիրիայի ազգային խորհուրդը, որը ստեղծվել է 2011 թվականին, եւ որը ճանաչված է, մասնավորապես, ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից: Մեկ այլ ուժ՝ Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան ներկայացված է Արաբական երկրների լիգայում: Պարսից ծոցի որոշ երկրների (առաջին հերթին, բնականաբար, Սաուդյան Արաբիայի) աջակցությունն է վայելում «Իսլամական ճակատ» ապստամբ բանակը: «Չափավոր ընդդիմության» շարքին են պատկանում բազմաթիվ իսլամիստական խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ Քաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ջեբհաթ ան-Նուսրան», որն անցած տարվա գարնանը գրավել էր Քեսաբը եւ ավերել Սուրբ Երրորդության հայկական ավետարանական եկեղեցին: Այնպես որ՝ մենք՝ հայերս, նրանց «չափավորության» վերաբերյալ կարող ենք որոշակի կասկածներ ունենալ:
Կարդացեք նաև
Ռուսաստանյան օդուժն անցած շաբաթ սկսել է հարվածել Սիրիայի «չափավոր ընդդիմության» դիրքերը՝ պնդելով, որ հարվածում է «Իսլամական պետությանը»: Պարզ է, նրանք իրականում շատ լավ գիտեն, թե ում են խփում: «Չափավորները»՝ ի դեմս «Թաջամու ալ-Իզա» եւ «Սուքուր ալ-Ջաբալ» զինված խմբավորումների, դիմել են Վաշինգտոնին՝ իրենց շարժական հրթիռա-համազարկային համակարգեր տրամադրելու խնդրանքով, պաշտպանվելու համար ռուսների ռմբակոծություններից: Եթե այդ խնդրանքը բավարարվի, կստացվի, որ ամերիկյան համազարկային համակարգերը կրակելու են ռուսական ինքնաթիռների վրա, ինչը գլոբալ առումով միջազգային անվտանգությանը, մեղմ ասած, չի նպաստի:
Ռուսները խառնվել են կոնֆլիկտին, որովհետեւ ուզում են պահպանել Ասադի ռեժիմը, ինչպես նաեւ դրսեւորվել որպես «համաշխարհային խաղացող», ոչ թե այն պատճառով, որ շատ են մտահոգված «Իսլամական պետության» սպառնալիքով: Ամերիկացիները մասնակցում են կոնֆլիկտին, որովհետեւ ուզում են տապալել Սիրիայի՝ իրենց ոչ ձեռնտու նախագահին, եւ ոչ թե այն պատճառով, որ իրենց սիրտը ճաքում է Ասադի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումներից: Ռուսները կռվում են, որպեսզի նավթի գինը բարձրանա, ամերիկացիները կռվում են, որպեսզի նավթի գինն իջնի: Թուրքիան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան նույնպես մասնակցում են կոնֆլիկտին՝ իրենց շահերից ելնելով: Դա ոչ լավ է, ոչ վատ, այլ կերպ չի կարող լինել: «Գաղափարախոսական» եւ «իդեալիստական» բացատրությունները թողնենք քաղաքական գործիչներին եւ նրանց քարոզիչներին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015