Տարբեր իրավիճակներում մեր մարմինը երբեմն ձայներ է արձակում, որոնցից մի քանիսը լավ են մեր առողջության համար, իսկ մի քանիսը կարող են պոտենցիալ վտանգի ազդանշաններ լինել: Today.com-ը առանձնացրել է մի քանի ձայնարկություններ, որոնք մեզ հուշում են հնարավոր վտանգի մասին.
1.Ստամոքսի գրմռալը
Սնունդը մարսողական համակարգով անցնում է մկանների կծկումների շնորհիվ: Ստամոքսի գրմռոցն առաջանում է մկանային կծկումների արդյունքում, որի ժամանակ կերակրահյութը տեղաշարժվում է: Ստամոքսն ավելի շատ է գրմռում, երբ դուք քաղցած եք լինում: Այդ ժամանակ ձեր ստամոքսի պարունակությունը մղվում է դեպի աղիքների ստորին հատվածը: Քանի որ այդ պահին ստամոքսը գրեթե դատարկ է լինում, այս գործընթացի ընթացքում ստամոքսից սկսում են ձայներ գալ:
Եթե դուք գրմռոցի ժամանակ սկսում եք ուժեղ ցավ զգալ, կծկումներ կամ սրտխառնոց ունենալ, կամ կղանքի մեջ արյուն նկատել, պետք է դիմել բժշկի:
2.Հոդերի ճտտոցը
Հոդերի ճտտոցը հիմնականում անվնաս է: Երբ դուք ձգում եք հոդերը, հեղուկի շուրջն առաջանում են գազի պղպջակներ, որոնք ճնշման արդյունքում պայթում են, եւ առաջացնում ճտտոցի ձայն: Եթե ձեր հոդերը ճտտում են, բայց ցավ չկա, կարող եք չանհանգստանալ: Սակայն եթե այս գործընթացը ուղեկցվում է ցավով կամ այտուցով, պետք է դիմել բժշկի:
3.Բխկոց
Բխկոցը ստամոքսից օդի արձակումն է, որը սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ արագ ուտելու կամ խմելու ընթացքում օդ եք կուլ տալիս: Կարող է առաջանալ նաեւ գազավորված ջուր, գարեջուր, յուղոտ միս օգտագործելուց հետո: Բխկոցի այլ պատճառներից են նյարդային սովորույթները կամ այլ առողջական խնդիրներ, ինչպիսիք են խոցի կամ լեղապարկի խնդիրները:
Քրոնիկ բխկոցները կարող են կապված լինել ստամոքսի բորբոքումների կամ բակտերիաներից ստացված վարակի հետ: Բխկոցից հետո առաջացած կրծքավանդակի այրող ցավը սիմպտոմատիկ մարսողական խոցից կարող է լինել, եւ պետք է բժշկական ստուգում անցկացնել:
4.Ականջների խշշոցը
Մեկ կամ երկու ականջներում լսվող աղմուկը հայտնի է նաեւ ականջների զնգոց անունով, որը հաճախ առաջանում է ներքին ականջի նյարդերի վնասվածքի պատճառով: Դրա արդյունքում ուղեղին սկսում են հաղորդվել անոմալ ազդակներ, որոնք ուղեղն ընդունում է որպես ձայնի մշտական ներկայություն:
Եթե խշշոցը երկու օրից ավելի է տեւում եւ ուղեկցվում է ցավով կամ գլխապտույտով, պետք է դիմել բժշկի:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015