Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը երեւի մոռացել է՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը հենց իր նախագահականում է հաստատվել»

Հոկտեմբեր 06,2015 23:00

Քաղաքագետ Արմեն Բադալյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձում նորություն չի նկատում:

«Նորություն չկար, այն տեսակետն էր, որը նախկինում էլ էր նա նշել, նախկին տեսակետների կրկնություն էր»,- ասաց քաղաքագետ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, թե «հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք»՝ քաղաքագետը տարընթերցում է նկատել. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պարզաբանեց, որ երկրորդ նախագահը, արատավոր համակարգ ասելով, նկատի ուներ ոչ թե այն ինչ երրորդ նախագահի օրոք է ձեւավորվել, այլ միակուսակցական արատավոր համակարգը, որը կձեւավորվի սահմանադրական այս փոփոխություններից հետո, եւ կվերարտադրվի միակուսակցական համակարգը:

Երկրորդ նախագահը, բնականաբար, չէր կարող խոսել արատավոր համակարգի մասին, որովհետեւ անմիջապես նրան կհիշեցնեին, որ այն արատավոր համակարգը, որը Հայաստանի հասարակությունն է տեսել, այդ համակարգի ճարտարապետը հենց երկրորդ նախագահն է: Արատավոր երեւույթ էր այն, որ նախագահի անունը ոչ լրիվ արտահայտած անձնավորությանը կարող են Երեւանի սրճարաններից մեկի զուգարանում ծեծելով սպանել, արատավոր երեւույթ էր 2004 թվականի ապրիլին 12-ին Բաղրամյան պողոտայում բռնի ջարդերով ցույց ցրելը, «Մարտի 1-ը» եւ այդպես կարելի է թվարկել շարքը:

Ռոբերտ Քոչարյանը հենց դրա համար շատ հանգիստ  արատավոր համակարգը փորձեց ներկայացնել սահմանադրական փոփոխություններից հետո ձեւավորվող միակուսակցական համակարգով: Երկրորդ նախագահը խոսում է նաեւ Հայաստանում կուսակցական համակարգի չկայացվածության մասին՝ նշելով ներկուսակցական ժողովրդավարության նշույլի բացակայության մասին, ամենայն հավանականությամբ երկրորդ նախագահը մոռացել էր, թե ինչպես էր ինքը ժամանակին ներկայացնում, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը հենց իր նախագահականում է հաստատվել, ինչը ցույց է տալիս, որ ներկուսակցական ժողովրդավարության բացակայությունը նույնպես իր ժամանակ ամրապնդվեց»:

Պարոն Բադալյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը  իր բոլոր հարցազրույցներում փորձում է ընդգծել, որ իր նախագահության ժամանակ ամեն ինչ լավ էր, իսկ հիմա ամեն ինչ վատ է ընթանում. «Հասկանալի է՝ երկրորդ ու երրորդ նախագահների միջեւ էական տարբերություն չկա եւ գործող նախագահը շատ դեպքերում շարունակում է  երկրորդ նախագահի քաղաքականությունը… Ռոբերտ Քոչարյանը փորձում է տարանջատվել գործող նախագահից ու նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից, բայց նրան չի հաջողվում, որովհետեւ նրանք այնքան են միավորված իրենց գործողություններում եւ քրեաօլիգարխիկ համակարգի եւ ՀՀ արտաքին քաղաքականությամբ, որ տարանջատումը չի հաջողվի»:

Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հայտարարությունը, թե  փոփոխված Սահմանադրությամբ երկրորդ նախագահը կարող է 2017-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարելով կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն դառնալ.

«Սա մի քիչ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ընտրությունների ինստիտուտն այլեւս չի գործում: Հաջորդ խորհրդարանում կհայտնվի այն ուժը , որը ավելի շատ մեծ գումարներ կկարողանա բաժանել, իսկ դա ՀՀԿ-ն է, որովհետեւ վարչական լծակներն իր ձեռքին է, խորհրդարանում կհայտնվի նաեւ այն փոքրիկ ուժը, որը կգնա նախագահական ու կբանակցի գործող նախագահի հետ, խորհրդարանում կհայտնվի այն ուժը, որ լեզու կգտնի Մոսկվայի հետ ու հանդես կգա որպես պրոռուսական բացահայտված կամ չբացահայտված ուժ: Չեմ կարծում, որ երկրորդ նախագահն այս երեք ճանապարհներից որեւէ մեկում հաջողություն ունենա, որովհետեւ ՀՀԿ-ի հետ չի կարող մրցակցել վարչաֆինանսական ռեսուրսով, չի  գնա նախագահական բանակցելու, ապագա խորհրդարանում մանդատ մուրալու, չեմ կարծում, որ Ռուսաստանը կցանկանա Հայաստանում պրոռուսական ուժերի ղեկավար ընդունել երկրորդ նախագահին: Լավագույն դեպքում, եթե նա փորձի ֆինանսավարչական ռեսուրս օգտագործել, իհարկե, գործող նախագահի թույլտվությամբ, ընդամենը շարքային խմբակցության շարքային ղեկավար կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031