Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող օբյեկտիվ լինել, որովհետև սիրում եմ». Ալեքսեյ Բաղդասարով

Հոկտեմբեր 06,2015 20:21

«Ջերմ, հյուրընկալ, ընկերասեր ժողովուրդ եք, հիանալի խոհանոց ու ճարտարապետություն ունեք, իսկ ամենազարմանալին, թերևս, ձեր աշխատասիրությունն է. ամեն երկրում չես տեսնի մինչև ուշ երեկո աշխատող մարդկանց». 13-րդ «Հայ ֆեստի» օտարերկրացի մասնակիցներն այսպիսի տպավորություն են ստացել Հայաստանից ու հայերից։ Իսկ Մոսկվայի Անկախ թատերական ընկերության տնօրեն Ալեքսեյ Բաղդասարովի համար դժվար է իր զգացողությունները բառերով արտահայտելը. «Ես շատ եմ սիրում Հայաստանը, որովհետև հայրս հայ է, և այստեղ ամեն ինչն է ինձ դուր գալիս: Ես Հայաստանում չեմ կարողանում առանց արցունքների ապրել. քայլում եմ ու լաց լինում. այստեղ ամեն ինչ այնքան հարազատ է, այնքան սրտամոտ… Հայաստանն իմ հայրենիքն է, թեև ես այստեղ չեմ ծնվել, ու ինձ համար շատ դժվար է այս կամ այն բանին գնահատական տալը. հասկանո՞ւմ եք՝ չեմ կարող օբյեկտիվ լինել. սիրում եմ»…

Ալեքսեյ Բաղդասարովը «Հայ ֆեստ» միազգային թատերական փառատոնին հանդես է գալիս «Այո´, ես ուզում եմ» ներկայացմամբ, որը հիմնված է Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի վերջին գլխի վրա: Չընդհատվող գիտակցության հոսք, մենախոսություն Մոլլի Բլյումի տեսանկյունից, որը գլխավոր հերոսի կինն է: Մոլլին պատմում է իր տղամարդկանց, կորուստների, կյանքի ու առանց սիրո ապրելու ընտրության մասին:

«Ես վաղուց եմ տարված «Ուլիսես»-ով»,- ասում է Ա. Բաղդասարովը,- և այս վեպի ու նրա հեղինակի՝ Ջոյսի հանդեպ սերն ինձ դրդեց ունենալ այսպիսի ներկայացում»:

Այս տարի «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին մասնակցում են նաև կոմպոզիտորներ Պիերո Գեյմոնատը և Նիկոլա Արատան (Իտալիա), ռեժիսոր Գաբրիել Նեուհաուսը (Իսրայել) և այլ արվեստագետներ:

Ի դեպ, ըստ նրանց, հայ հանդիսատեսը տարբերվում է օտարազգի հանդիսատեսից. այլ երկրներում նրանք առաջինը խոսում են տեսողական, հետո նոր միայն զգացական տպավորությունների մասին, իսկ հայ հանդիսատեսը հակառակն է՝ նախ զգացողությունների մասին է խոսում:

Իտալական «Արարատ» համույթը «Հայֆեստ»-ին կներկայացնի Հայաստանի համար գրված ստեղծագործություն, ինչպես նաև հայ­-իտալական մշակույթի միաձուլումից ստացված ներկայացում­-համերգ:

«Երևանյան շարանվագ» ստեղծագործությունը գրելուց առաջ մենք լսում էինք հայկական ազգային երաժշտություն, և որոշեցինք ստեղծագործությունը գրելիս այն պատկերացնել որպես ֆիլմի համար երաժշտություն՝ մտքում պահելով Երևանի և Արարատի պատկերները»,- ասում է կոմպոզիտոր Նիկոլա Արատան:

Պիերո Գեյմոնատի և Նիկոլա Արատայի գրած ստեղծագործության մեջ երաժշտության միջոցով կներկայացվեն Գառնին, Գեղարդը, Խոր վիրապը և Արագածը: Հայ հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 8-­ին Տիկնիկային թատրոնի բեմում:

Իսկ Գաբրիել Նեուհաուսը հանդես է գալիս «Լավաշ» ներկայացմամբ: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացման հիմքում լավաշի պատրաստման եղանակն է: Այն հարցին, թե ինչու է հատկապես այս թեման ընտրել, Նեուհաուսը պատասխանեց. «Բոլոր ազգերն էլ հաց ուտում են, բայց Հայաստանում լավաշը այլ նշանակություն ունի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031