Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն արձագանքում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգի մեջ որևէ փոփոխություն չի կատարվել:
«Հարգելի լրագրողներ, Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը և քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել և ստացել եք պատճառաբանված մերժումներ։
Պարոն Արամ Մանուկյանը մինչև իր հայտարարությունը պարզաբանում է խնդրել իմ ղեկավարած վարչությունից։ Պարզաբանվել է, որ չկա որևէ փոփոխություն։ Թե ինչու է ճշտելուց հետո տարածում իրականությունից հեռու տեղեկություն՝ թողնում եմ ձեր տրամաբանությանը», -իր Facebook-յան էջում գրել է վարչության պետ Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ լրագրողների՝ ԱԺ մուտք գործելու համար անհրաժեշտ է Գալուստ Սահակյանի թույլտվությունը: