ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 9-ին Ազգային Ժողովը հավանություն տվեց Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին: Չնայած իշխանությունները փորձում են այդ որոշումը ներկայացնել որպես քաղաքական կոնսենսուս, իրականում բոլորն էլ գիտեն, որ այն որեւէ կերպ չի ներակայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքը:
Նախ, ներկայիս Ազգային Ժողովը ձեւավորվել է իշխող կուսակցության կողմից պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության արդյունքում եւ իսկզբանե չի ներկայացրել Հայաստանի ժողովրդին: Եւ երկրորդ, անգամ այդպիսի Ազգային Ժողովում դեռ այս տարվա սկզբին իշխանությունները չունեին անհրաժեշտ կոնսենսուս, հակառակը, ձեւավորվել էր սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող խորհրդարանական ուժերի եռյակ, որն իր շուրջ միավորել էր 53 պատգամավորի: Այդ դաշինքը քանդվեց միայն ընդդիմության ղեկավարների եւ ակտիվիստների նկատմամբ կատարված բռնությունների եւ կուսակցություններից մեկի ղեկավարի նկատմամբ սանձազերծված ճնշումների արդյունքում, որի գագաթնակետը դարձավ Սերժ Սարգսյանի կողմից հեռուստատեսությամբ նրա հասցեին հնչած սպառնալիքները: Այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքական կոնսենսուս, այլ բռնաճնշումների, սպառնալիքների, շանտաժի, կաշառքի արդյունքում կատարված հակասահմանադրական քվեարկություն, որը որեւէ կապ չունի հայ ժողովրդի կամքի հետ:
Հայ ժողովուրդը իրականում շատ լավ էլ գիտի, որ փոփոխության միակ նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, եւ որ այն իրականում ուղղված է մենաշնորհի, արտագաղթի, ընտրակեղծարարության հավերժացմանը: Բնական է, որ ձեռնարկված սահմանադրական գործընթացը Հայաստանում առաջացնում է օրեցօր ահագնացող բեւեռացում, որի մասին ասված է ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 31-ի բանաձեւի մեջ:
Կարդացեք նաև
Նման վիճակում սահմանադրական կառավարման մոդելը փոխելը հակասում է Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներին: Էլ ավելի վտանգավոր է այն, որ բեւեռացում, իսկ իրականում, առճակատում առաջացնող այդ ռեֆորմը ձեռնարկվում է, երբ կա Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգ:
Մենք առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, ելնելով երկրի պաշտպանության եւ պետական անվտանգության շահերից, հրաժարվել Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ փորձից: Իշխանությունները արտաքին մարտահրավերներով լի միջազգային այս միջավայրում իրավունք չունեն ազգի պառակտմանը տանող գործընթաց նախաձեռնել, որի նպատակն է սեփական իշխանության պահպանումը: Հակառակ դեպքում ակնհայտ է դառնում, որ ներկա իշխանությունները իրենց իշխանատենչությունը ավելի բարձր են դասում քան հայ ժողովրդի անվտանգության գերխնդիրը: