Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին թերևս անհրաժեշտ է հիշեցնել, որ 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին արձանագրություն, որով Ռուսաստանը պարտավորվեց ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Փոխարենը Երևանը համաձայնեց 25 տարով երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը։
Aravot.am-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց` արդյոք վերջին շրջանում ադրբեջանական կողմի ռմբակոծություններին ի պատասխան՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը որևէ գործողություն ձեռնարկե՞ց՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, կամ ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան նույնիսկ հայտարարությամբ հանդես չեկավ:
Պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Մի կողմից Ռուսաստանը չի կատարում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի պարտավորությունները, մյուս կողմից ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում: ՀՀ-ն ոչ վաղ անցյալում` մի քանի ամիս առաջ, նախարարի բերանով հայտարարեց, թե մենք չենք դիմել, մենք գտնում ենք, որ կարիքը չկա»:
Ըստ Լևոն Բարսեղյանի` այսպես ՀՀ իշխանությունները փորձեցին արդարացնել ՌԴ անգործությունը կամ դիտավորյալ անգործությունը: Ըստ նրա` դա արդարացում չէ, հատկապես բազմաթիվ ապացույցներ ունենալով` ՌԴ-ի ինչ-ինչ պաշտոնյաների կցկտուր հայտարարություններ միայն հնչեցին:
Կարդացեք նաև
Լևոն Բարսեղյանի վստահեցմամբ` Ռուսաստանի` համարժեք արձագանքի դեպքում Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնի երբևէ ՀՀ ուղղությամբ որևէ գնդակ արձակել, ուր մնաց հրանոթներով գնդակոծել: Այս հարցում Լևոն Բարսեղյանը մեղադրում է ՀՀ իշխանություններին և կարծում, որ մեր պահանջը հենց նրանցից պետք է լինի:
Այդքանով հանդերձ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի առիթով ընդգծել էր, թե չի կասկածում, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունը ու մանրամասնել. «Այն դեպքում, եթե ԼՂՀ-ի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային և պայմանագրային պարտավորվածությունները»։
Հետաքրքրվեցինք` արդյոք արդարացվա՞ծ է նախարարի այս լավատեսությունը և արդյոք Տավուշում կատարվածը ԼՂ հակամարտության հետ կապ չունի, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Այդ լավատեսությունը սխալ է, քանի որ, օրինակ` մենք լրջորեն կասկածում ենք: Պաշտպանության նախարարն իրավունք ունի սեփական կարծիք ունենալ, բայց խնդիրը կարծիք ունենալու մեջ չէ: ՀՀ ողջ հանրապետությունը, տեսնելով հրետակոծությունը, անգամ եթե մեկ գնդակ արձակվում է ՀՀ-ի վրա և ՌԴ-ն դաշնային պարտավորությունները չի կատարում, սա նշանակում է, որ խախտում է: Այդ դեպքում Սեյրան Օհանյանը կասի, թե չի կասկածում, կամ ով կասի, կապ չունի, միևնույն է բոլորն էլ արդեն կասկածում են. ժողովուրդն էլ է կասկածում: Ով ով, բայց պաշտպանության նախարարը մշակույթի նախարար չէ և լիրիկայով կառավարվելու իրավունք չունի, պրագմատիկ հաշվարկների վրա հենվող պաշտոնյա է»:
Տավուշի հրետակոծությունների առիթով Լևոն Բարսեղյանն ասաց. «Ցավալի է, որ պաշտպանության նախարարը Տավուշի մարզի հրետակոծությունները, հարձակումները, որոնք տևում են տարիներ շարունակ, ոչ մի կերպ չի կարողանում կապել արցախյան խնդրի հետ: Սրանք ուղիղ արցախյան խնդրի հետ կապ ունեցող հարձակումներ են: Սեյրան Օհանյանն էլ գիտի, ուղղակի ստանձնել է ՌԴ շահերի պաշտպանի դերը, երկրորդ Կոստանյան է դարձել փաստորեն: Ակնհայտ է, որ ՀՀ-ում, աշխարհում մարդ չկա, որ չհասկանա, որ արցախյան հակամարտության հետ այդ հարձակումները կապ ունեն, ի՞նչ կա այդտեղ կասկածելու կամ չկասկածելու: Զարմանալի է ու ցավալի: ՀՀ պաշտպանության նախարարը կամ թող նման գնահատականներից հեռու մնա, քանի որ դրանք քաղաքական գնահատականներ են, թող մնա իր` պաշտպանության նախարարի դիրքերում, կամ թող նման բաներ խոսի Սերժիկ Սարգսյանը`իրենցից սովոր ենք լսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առանց Արցախի ԵՏՄ մտնելը ՀՀ իշխանությունները բացատրեցին նրանով,որ ԼՂՀ-ն «դե յուրե ՀՀ մաս չէ»: ՀԱՐՑ ՀՀ իշխանություններին՝ այդ դեպքում ո՞ր ԻՐԱՎԱԿԱՆ հիմքի վրա են ՀՀ քաղաքացի զինվորները ծառայում ԼՂՀ-ում:
ՀԱՊԿ = ձևական մի կառույց. օր ու գիշեր ռմբակոծում են Տավուշի մարզը, բայց ՀԱՊԿ-ը գոնե սինվոլի՛կ որևէ քայլ չի ԱՆՈՒՄ: Մի օրինակ բերեմ. երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության սինվոլ: Թուրքիային սրանք սկի պետք չէին. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: Իսկ ՀԱ՞ՊԿ-ը. դեռ ավելի ժամանակակից զենքեր են տալիս Ադրբեջանին. իբր «բիզնես» է: