Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. Ազատության մեջ գտնվելու դեպքում մինչեւ հաջորդ դատական նիստը պատրաստ եմ մարել բոլորի վնասները

Հոկտեմբեր 06,2015 17:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հոկտեմբերի 6-ին շարունակվում էր Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը:

Սուրեն Սուրենյանցի պաշտպան Անժելիկա Հակոբյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ: Ըստ նրա՝ հարգելի են Սուրեն Սուրենյանցի բոլոր բացակայությունները, բացի մեկից, քանի որ այդ ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել եւ իր հղի կինը խնամքի կարիք է ունեցել: Անժելիկա Հակոբյանը ընդգծեց, որ Սուրեն Սուրենյանցն ունի չորս մանկահասակ երեխա, չորրորդ երեխան ծնվել է, երբ Սուրեն Սուրենյանցն անազատության մեջ է գտնվել: Նա նշեց, որ Սուրենյանցը իր երեխաների նկատմամբ ունի ալիմենտային պարտականություններ, սակայն չի կարողանում իրականացնել՝ անազատության մեջ գտնվելու պատճառով, արդյունքում՝ տուժում են մանկահասակ երեխաները, այսինքն՝ խախտվում են այդ երեխաների իրավունքները:

Անժելիկա Հակոբյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը համարում է, որ վերացել են այն հանգամանքները, որոնք հիմք էին տալիս Սուրենյանցին կալանքի տակ պահել. «Խնդրում եմ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ նրան ազատել կալանքից, այն պարագայում, եթե դատարանը կհամարի, որ դեռեւս չեն վերացել Սուրենյանցին կալանքի տակ պահելու հիմքերը, ապա խնդրում եմ ճանաչել նրա գրավով կալանքից ազատելու հնարավորությունը եւ նշանակել գրավի գումարը»:

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իր չորրորդ երեխայի ծնունդից հետո արմատապես փոխվել է իրավիճակը՝ իր կինն ու երեխաները վարձով են ապրում եւ անասելի դժվարություններով կարողանում են հոգալ գոյատեւման ծախսերը. «Ես ինքս եմ շահագրգիռ, որ այս դատավարությունը շատ արագ ընթացք ունենա, ի վերջո բոլորը ստանան, առաջին հերթին՝ ես, իրենց հասանելիք բարոյական, իրավական, ցանկացած տիպի պատիժ, այդ առումով խնդիր չկա: Ուղղակի հիմա, քանի դեռ չկա օրինական դատավճիռ, այս կալանքը, ոչ թե ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, այլ ավելի շատ նմանվում է պատժի, նվաստացման:

Չորրորդ երեխայի ծնվելուց հետո, չգիտեմ, բոլորը պատկերացնում են, պետք չէ պատկերավոր ներկայացնել: Ես շատ պարզ ու ակնհայտ ասեմ՝ առանց ավելորդ բառերի, ես ունեմ քաղաքական հավակնություններ, ամբիցիաներ, առաջին հերթին՝ ես շահագրգռված եմ, որ այս գործը արագ վերջանա, կյանքը վերջացած չէ, ասելիք ունեմ, հավակնություններ, ամբիցիաներ ունեմ, այս մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ունեմ:

Անկախ նրանից, որ մի դրվագով ես մեղադրանքը չեմ ընդունել, երկու դրվագով ընդունել եմ, մի դրվագով մասամբ եմ ընդունել խափանման միջոցը վերանայելու պարագայում մինչեւ հաջորդ դատական նիստը պատրաստ եմ մարել բոլորի վնասները, հրապարակային խոստանում եմ, մինչեւ դատաքննությունը պարզի մյուսների մեղքը»:

Սուրեն Սուրենյանցը ընդգծեց, որ ներկայումս կալանավայրից կարողանում է մի կերպ հոգալ իր երեխաներից միայն մեկի՝ նորածնի կենսական կարիքները. «Հիմա ես պայմանավորվել եմ, կոմերցիոն պահից ելնելով չեմ կարող կազմակերպությունների անունները նշել, տամ մեկի անունը՝ «Տաշիր գրուպը» կամ մեկ-երկու այլ կազմակերպություններ: Ես պայմանավորվել եմ մարդկանց հետ, որոշակի աշխատանքային գործունեություն ծավալել, որպեսզի կարողանամ այդ խնդիրները լուծել: Մարդիկ ինչքան էլ գնահատեն իմ վերլուծականները կամ չգնահատեն, ակնհայտ է, որ այդ մարդկանց համար աշխատանք կարող եմ անել եւ ավանսով մոտավորապես  հինգ հազար դոլար վերցնել, եթե ես լինեմ ազատության մեջ: Այսինքն՝ այդ մարդիկ երաշխիք ունենան»:

Մեղադրող Արթուր Մանուկյանը նշեց, որ համարում է՝ կողմի ներկայացված միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ որեւէ նոր հիմք չկա. «Ամեն դեպքում՝ եթե դատարանն ինձ հետ չհամաձայնի եւ գտնի, որ միջնորդությունը ենթակա է քննարկման, գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, անհիմն է, քանի որ ամբաստանյալը խուսափել է դատաքննությունից, թաքնվել է, խոչընդոտել է դատաքննությանը, եւ վերջինիս նկատմամբ ընտրված է ճիշտ խափանման միջոց՝ կալանավորումը, այն փոփոխելու հիմքերն առկա չեն»:

Տուժող Ազգանուշ Մուշեղյանը հայտարարեց, որ համաձայն է այն դեպքում, երբ ամբաստանյալ Սուրենյանցը դատարանին գրավոր ներկայացնի, որ մինչեւ հաջորդ դատական նիստ կտա գումարը:

Մյուս տուժող Անուշ Աղաջանյանը համաձայն չէր այս մտքին. «Չեմ հավատում իրեն: Մենք էլ ունենք շատ խնդիրներ, այսօր իմ երեխան էլ ունի խնդիր, այսօր ես էլ եմ ապրում վարձով, շատ խնդիրներ ունեմ այսօր, բայց ես չեմ բարձրաձայնում ոչ մի բան: Ես ուզում եմ, որ ինքը մինչեւ մյուս դատական նիստ լրիվ պարտք պահանջը մարի, նոր գնա ազատության մեջ: Ինձ ոչ մի բան պետք չէ, ինձ պետք չէ, որ ինքը նստի: Ես չեմ հավատում իրեն, լսել եմ այդ բոլոր ստերը»:

Դատավոր Բեկթաշյանը ամբաստանյալին հիշեցրեց, որ վերջինս տարուց ավելի ազատության մեջ է գտնվել, սակայն այդ գումարը չի փոխանցել տուժող կողմին. «Ես իսկապես անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրսեւորել եմ անպատասխանատու վարքագիծ, ընդունում եմ: Այս հինգ-վեց ամսվա կալանքը որոշակի դաս է ինձ տվել: Հարգելի՛ դատարան, ես չեմ ուզում հիմա փակագծեր բացել, բայց կարծում եմ՝ Դուք իրազեկված եք, որ այդ անպատասխանատու վարքագծի շուրջ դեկտեմբեր ամսին բարձրաստիճան սպաներից մեկը ինձ հետ շատ խիստ զրույց է ունեցել, որից հետո ես դրսեւորել եմ բավականին պատասխանատու վարքագիծ»:

Դատավոր Բեկթաշյանը զարմացավ, թե ինչո՞ւ նման տեղեկություն պետք է ունենար: Դատավորը հայտարարեց, որ համաձայն չէ մեղադրողի հետ եւ չորրորդ երեխան նոր հանգամանք է, այդ պատճառով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031