Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Քոչարյանի տեղը Բաղրամյան 26-ում Բալաբեկ Վլասյանը լիներ, էդ հարց է՝ ավելի լա՞վ կլիներ, թե՞ ավելի վատ» Փաշինյան

Հոկտեմբեր 06,2015 17:42

ԱԺ-ում շարունակվում էր ԿԲ-ի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հեգնեց, որ ԱԺ-ում խոսում են ՀՀ տնտեսության, տնտեսության զարգացման, դրամավարկային քաղաքականության մասին. «Առաջին հարցը, որ ուզում եմ տալ, հետեւյալն է՝ իյա, իրո՞ք ՀՀ-ում կա տնտեսություն, տնտեսական զարգացում»:

Նա մի օրինակ բերեց, որ, ՀՀ քաղաքացի, ասենք, Վարդանը, գնում է արտագնա աշխատանքի եւ ամեն ամիս իր կնոջը գումար է ուղարկում Վարդանի կինը այդ գումարով խանութից ձեթ ու շաքար է գնում. ՀԴՄ կտրոն ստանում, այսինքն, հարկ է վճարում, այդ հարկերից ուսուցիչների աշխատավարձ են ստանում, դրանով նորից շաքարավազ, ձեթ գնում: Այդպես են գոյանում մեր պետության ներքին ռեսուրսները: Եթե ՌԴ մեկնած մեր Վարդանը գումար չուղարկի, հարկեր չեն առաջանա, մեր երկիրն էլ բյուջե չի ունենա:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «ՀՀ-ում իրավիճակը կախված է ոչ թե կառավարության, ԿԲ-ի որոշումից, այլ կախված է նրանից, թե մեր Վարդանը ՌԴ-ից,, ԱՄՆ-ից կամ այլ երկրից ինչքան գումար կուղարկի Հայաստան: Էս ա մեր ամբողջ տնտեսություն կոչվող համակարգի պատմությունը: Մարդիկ կան՝ ասում են՝ վսյո ժե Քոչարյանի ժամանակ մարդիկ լավ էին ապրում, երկնիշ տնտեսական աճ կար: Քոչարյանի ժամանակներում եթե նույնիսկ տնտեսությունը երկնիշ էր, դա Քոչարյանի տնտեագիտական հանճարից չէր, այլ նրանից, որ մեր այդ նույն Վարդանի գործերը ՌԴ-ում կրկնակի, եռակի անգամ լավ էին եւ նա շատ գումար էր ուղարկում Հայաստան: Եվ եթե Քոչարյանի տեղը Բալաբեկ Վլասյանը լիներ Բաղրամյան 26-ում, էդ հարց է՝ ավելի լա՞վ կլիներ, թե՞ ավելի վատ: Դա կախված կլիներ, թե մեր Վլասյանը ինչ ախորժակ ունի, ասենք, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի փողերն ուտելու»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեր երկրում ստեղծված արատավոր մոդելի համահեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Այս կառավարման մոդելը երկու հիմնական նպատակ ունի: Առաջինը՝ Հայաստանում հնարավորինս քիչ մարդ մնա: Դրա մասին լեզվի սայթաքում արեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որովհետեւ ինչքան քիչ մարդ մնա ՀՀ-ում, այնքան հեշտ կլինի այդ մարդկանց ոստիկանական ուժերով քաղաքական կոնտրոլի տակ պահել»:

Երկրորդ նպատակը այս համակարգի, Փաշինյանի դիտարկմամբ, մենաշնորհների պահպանումն է. «ՀՀ յուրաքանչյուր խանութից գնեք բանան եւ շաքարավազ, հոսում է նույն մարդկանց գրպանը: Այդ մարդիկ շատ ուղիղ եւ մերձավոր կապի մեջ են Սերժ Սարգսյանի հետ: Այդ իշխանությանը ձեռնտու չի, որ ազատ, անկախ գործարարների խավ ձեւավորվի: Մեկ էլ տեսար՝ այդ գործարարության խավը սկսեց ֆինանսավորել ընդդիմությանը: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, սա իշխանության համար չի կարելի: Քանի դեռ ՀՀ-ում չի ձեւավորվել իշխանություն, որի համար կյանքի եւ մահու խնդիր չէ ընտրություններում պարտվել, ոչ տնտեսություն կզարգանա այստեղ, ոչ էլ կլինի դրամավարկային քաղաքականություն: Ազատ գործարարները կխուսափեն ներդրումներ անել Հայաստանում, որտեղ ամենահայտնի գործակիցը Սաշիկ Սարգսյանի գործակիցն է՝ դրանից բխող 50 տոկոսանոց հետեւանքներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031