Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բուսաբանական այգին 80 տարեկան է

Հոկտեմբեր 06,2015 17:30

Այս առթիվ հոկտեմբերի 6-8-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Բուսաբանական գիտությունը ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են գիտնականներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Ավստրիայից, Աբխազիայից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող Բուսաբանական այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատություն է, որն իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի տարբեր շրջաններից ֆլորայի արժեքավոր և հազվագյուտ տեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ:

ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի փոխանցմամբ՝ Բուսաբանական այգում ներկայումս ցուցադրված են 5000 տեսակի բույսեր: Դրանցից 1000-ը ծառեր ու թփեր են, որոնցով էլ իրականացվում է քաղաքի կանաչապատումը:

Լինելով ազգային արժեք՝ Բուսաբանական այգին ունի նաև մի շարք խնդիրներ: Դրանցից մեկն էլ, ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի միասնական լինելն է, որը մի կողմից շատ լավ է, մյուս կողմից էլ մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում. «Բուսաբանական այգին ինքը մեծ աշխատանք, ուշադրություն ու ներդրումներ է պահանջում: Ցավոք, այդ առումով մենք այսօր բավականին դժվարություններ ունենք: Բայց նաև պետք է նշեմ, որ կառավարությունը վերջերս անդրադարձել է այս հարցին, և սպասում ենք այնպիսի որոշումների, որոնք կնպաստեն Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի գործունեությանը»,- հայտնեց ԳԱԱ նախագահը:

Դառնալով հիշյալ գիտաժողովին՝ տեղեկացնենք, որ զեկույցները նվիրված են կենսաբազմազանության ուսումնասիրությունների արդյունքներին:

Կենսաբազմազանության օգտագործումը Հայաստանում ներկայումս գերազանցում է բնական պայմաններում կենսապաշարների վերարտադրությանը: Գերօգտագործման և ապրելավայրերի յուրացման արդյունքում տեղի է ունեցել որոշ տեսակների թվաքանակի նվազում, իսկ մի շարք տեսակներ անգամ կանգնած են անհետացման եզրին, ինչն էլ հանգեցրել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացմանը և բնակմիջավայրերի դեգրադացմանը:

Այս բացասական երևույթներին առավել նպաստել են վերջին հարյուրամյակում շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ աղտոտումները, ինչպես նաև էկոհամակարգերի վրա մարդածին և այլ ազդեցությունները:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեսովան Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ ինչպես գիտության մյուս բնագավառներում, այնպես էլ բուսաբանության մեջ, բազմաթիվ խնդիրներ կան այսօր: Եվ այսպիսի գիտաժողովները, նրա խոսքով, ինչ-որ չափով նպաստում են դրանց ոչ միայն վերհանմանը, այլև լուծման եղանակներ գտնելուն. «Գիտաժողովի ավարտին մենք կփորձենք մեզ համար մի գիծ անցկացնել և հասկանալ, թե այդ գծից ինչպես պետք է շարունակենք աշխատել: Ամեն մի գիտաժողով այդպիսի մի գիծ է, մի աստիճան, որից դու նորից պիտի շարունակես աշխատանքդ»,- նշեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031