Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՛ք անցկացնի». «Հայաստանում գոյություն չունի լայն քաղաքական եւ հասարակական փոխզիջում»

Հոկտեմբեր 06,2015 16:20

«Երեկվա ակցիայով մենք ամփոփեցինք մեր գործողությունների ամբողջ փուլը»,- հոկտեմբերի 6-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ սահմանադրական փոփոխություններ կարելի է անցկացնել մի երկրում, որտեղ գոյություն ունի լայն քաղաքական եւ հասարակական փոխզիջում: Ըստ նրա՝ Գյումրիում եւ Ազատության հրապարակում եւ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքներով նախաձեռնությունը քաղաքական նշանակության քայլեր է արել, այսինքն՝ արձանագրել է, որ Հայաստանում գոյություն չունի լայն քաղաքական եւ հասարակական փոխզիջում. «Ինչը նշանակում է, որ նորմալ պարագայում Սերժ Սարգսյանը չպետք է ստորագրի հանրաքվեի մասին որոշումը: Եվ հիմա ինչպես գիտեք նախագիծը Սերժ Սարգսյանի գրասենյակում է, այսինքն՝ նորմալ պարագայում դա պետք է լինի, բայց մենք հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ամբողջ ուժով լծվել է Սահմանադրությունը փոխելու գործընթացին: Նա կստորագրի, կնշանակի՝ հանրաքվեի, բայց ինչն է կարեւոր՝ մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում գոյություն ունի երկրորդ բեւեռը՝ ոչ-ի բեւեռը. կան քաղաքական ուժեր, կան հասարակական խմբեր, որոնք ոչ-ի դաշտում են եւ ընդվզում են»:

Արշակ Մուսախանյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգավոր փաստաթուղթ է համարում, քանի որ ըստ նրա, այսօր դե ֆակտո գոյություն ունի քաղաքական մենաշնորհ, սահմանադրական փոփոխություններից հետո հասարակությունը գործ կունենա նաեւ դե յուրե քաղաքական մենաշնորհի հետ:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը հավելեց, որ նախաձեռնությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնելու նաեւ Հայաստանի Հանրապետության մարզերում. «Մեր նպատակը լայն մոբիլիզացիա ապահովելն է, այսինքն՝ բնականաբար, փորձելու ենք, որ առաջիկա հանրահավաքները լինեն շատ ավելի բազմամարդ եւ շատ ավելի ազդեցիկ, եւ վստահ ենք, որ հենց այդպես էլ լինելու է»:

Նա նշեց, որ իրենք պատրաստվում են մարդկանց իրազեկել սահմանադրական փոփոխությունների վատ կողմը եւ որ դա վերջին տեսանելի հնարավորությունն է Հայաստանում էական փոփոխությունների հասնելու համար եւ սահմանադրական կարգ հաստատելու համար:

Արշակ Մուսախանյանը հավելեց, որ նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին նշանակել է հանրահավաք եւ այդ օրը պատրաստվում է ծրագիր ներկայացնել. «Եթե Սերժ Սարգսյանը նշանակում է հանրաքվեի օր, ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, հոկտեմբերի 30-ին քաղաքացին մեզնից կիմանա մեր հետագա ծրագրերը կոնկրետ հանրաքվեի մասով: Այսինքն՝ գնում ենք տեղամասեր, վերահսկում ենք տեղամասեր, ի՞նչ կոչ ենք անում քաղաքացիներին՝ գնա՞լ քվեարկել «ոչ», թե՞ ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031