Աշխարհի շուրջ 20 երկրների ֆիզիկական կուլտուրայի համալսարանների ռեկտորներ, լավագույն գիտնականներ եւ մասնագետներ ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Սպորտ՝ բոլորի համար» խորագրով անցկացվող համաշխարհային 19-րդ համաժողովին եւ նշելու Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակը:
ՖԿՀՊ ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանն Aravot.am-ին ասաց. «Անցած տարի Ալմաթիում կայացած Համաշխարհային ֆիզիկական կուլտուրայի համալսարանների ռեկտորների համաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց, որ հաջորդ համաժողովը կայանալու է Երեւանում: Դա համընկավ նաեւ մեր ինստիտուտի հիմնադրման 70-րդ տարեդարձին: Այստեղ կայանալու է գիտական կոնֆերանս, որտեղ արդիական թեմաներ են քննարկվելու: Օրակարգում չորս ուղղություններ են՝ հոգեբանական, բժշկական, մանկավարժական եւ առողջ ապրելակերպի:
Հյուրերը, թեեւ ընդամենը մեկ օր է, ինչ ժամանել են, սակայն արդեն հիացած են ընդունելությունից, ստեղծված աշխատանքային պայմաններից, ինչի համար ուզում են շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի հովանու ներքո անցկացվում է այս համաժողովը, ՀՀ ԿԳ նախարարությանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, մեր ինստիտուտի խորհրդի նախագահ Արսեն Քարամյանին, բոլոր նրանց, ովքեր արել ու անում են ամեն բան մեր աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Այս համաժողովը նաեւ հիանալի առիթ է, որպեսզի մեր գործընկերները ճանաչեն Հայաստանը, ծանոթանան ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուղղությամբ կատարվող լայնածավալ գործունեությանը, ինչի արդյունքում նաեւ հետագա փոխշահավետ լայնամասշտաբ համագործակցության հող կնախապատրաստվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ