Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստի օրակարգում է գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու հարցը: Իբրեւ հիմնավորում նշված է. «Վահրամ Սահակյանը ՀՀ գրողների միության անդամ է, ապրում և ստեղծագործում է Երևանում, սակայն բնակվում է վարձով մեկ սենյականոց բնակարանում՝ զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից։ Նա ամուսնալուծված է և վերջինիս հայրական տանը բնակվում են մայրը, քույրը, նախկին կինը և երկու տարասեռ երեխաները։ Հաշվի առնելով Վահրամ Սահակյանի անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու սույն որոշման նախագիծը»:
Aravot.am-ը Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Երեւանի քաղաքապետարանի նվերին եւ ինչի՞ համար են իրեն բնակարան նվիրելու: «Գեղեցիկ չէ հաշվել, թե ով քանի կին ու քանի բնակարան ունի, դա մարդու անձնական կյանքն է, եւ չարժե հասարակական քննարկման առարկա դարձնել»,-ասաց Վահրամ Սահակյանը:
Նաեւ հավելեց, որ ինքը որեւէ մեկին չի ասել, թե բնակարան չունի ու պայմանները վատ են: «Իսկ թե քանի անգամ եմ ամուսնացած ու ամուսնալուծված, այդ ամենը վերաբերվում է միայն ինձ, միայն իմ խնդիրն է, ու այն տարիքում չեմ, որ այդ ամենը քննարկեմ պապարացիների հետ»,-եզրափակեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից