Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ավարտվեց ոստիկանների և ցուցարարների բախումներով, 27 ցուցարարի բերման ենթարկեցին: Նրանցից մեկն էլ 28-ամյա Նարեկ Հակոբյանն էր, որին հետագայում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը):
Նարեկը ցուցարարներից միակն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մյուս ցուցարարների նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել:
Այսօրվա դատական նիստին ներկա չէին տուժող Կարեն Սաղաթելյանը և դատախազ Ռոլանդ Հայրապետյանը: Տեղեկություններ կային, որ դատախազը տեղափոխվել է այլ աշխատանքի՝ մասնավորապես նա նշանակվել է Ավանի դատախազ:
Կարդացեք նաև
Շուրջ կես ժամ սպասեցնելուց, այնուհետև ևս շուրջ 15 րոպե սպասեցնելուց հետո դատարանը այդպես էլ չկարողացավ պարզել դատախազի բացակայության պատճառը: Եվ անհնար համարեց առանց դատախազի մասնակցության գործի քննությունը:
Այն հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ