Անցած շաբաթ ԵԽԽՎ-ի հերթական լիագումար նիստն էր, որին մասնակցում էր նաեւ հայաստանյան պատվիրակության նորընտիր անդամ Սամվել Ֆարմանյանը: Նա պատվիրակությունում ընդգրկվեց Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո: «Ուզում եմ շնորհավորել Սամվել Ֆարմանյանի բեմելը»,- այսօր, խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ թեեւ Սամվել Ֆարմանյանի լիազորությունները երկուշաբթի օրն են հաստատվել, բայց նա ԵԺԿ-ի կողմից ելույթ է ունեցել ու կարեւոր շեշտադրումներ է կատարել Ադրբեջանի քաղաքականության հետ կապված:
Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ինքը չի հիշում նման դեպք, երբ ԵԽԽՎ-ում այսպես բարձրաձայն, ուղղակիորեն, անընդհատորեն ու շատ շեշտադրված հայտարարություններ հնչեն Ադրբեջանում ընթացող զարգացումների առիթով, որոնք գնալով խորանում են: Հայ պատվիրակներն, ընդհանրապես, այդ «ճակատում» բավական ակտիվ են աշխատել:
ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի հետ ուղղակիորեն կապված խնդիր չկար, բայց Հայաստանի հետ կապված երկու քննարկում եղավ մոնիտորինգի հանձնաժողովում`սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եւ քաղաքական հանձնաժողովում՝ ԼՂՀ-ի մասին զեկույցի: Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունվեց հայտարարություն, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Երեք անգամ է մոնիտորինգի հանձնաժողովն անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին: Հերմինե Նաղդալյանն ասում է, որ մոնիտորինգի տակ գտնվող երկրներից ամենաքիչ մտահոգությունները Հայաստանին էին վերաբերվում: Հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք է արտահայտել գործընթացի վերաբերյալ, կոչ արել հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին`հանրաքվեն բարձր մակարդակով անցկացնել, որպեսզի ՀՀ ընտրողները կարողանան իրենց կարծիքը ձեւավորել:
Կարդացեք նաև
Քաղաքական հանձնաժողովի քննարկումների մասին` տեսանյութում
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում պատրաստվում է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց: Զեկուցող անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը բանավոր ներկայացրել է դեպի Ադրբեջան իր փաստահավաք առաքելության արդյունքները: Ուոլթերը դիմել է ԼՂ իշխանություններին՝ զեկույցի շրջանակներում Արցախ այցելելու համար:
Այսօր լրագրողները ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցին`ի՞նչ է կարծում, արդյոք պե՞տք է ընդունել Ուոլթերին: «Չեմ կարծում, որ ես Ղարաբաղի իշխանությունների փոխարեն պետք է պատասխանեմ ձեր հարցին: Մենք հիմա իսկապես Ղարաբաղի իշխանությունների պատասխանին ենք սպասում: Թե՛ զեկույցի վերնագիրը, թե՛ այդ ընթացքում դրսևորված պահվածքը չի խոսում այն մասին, որ դա լինելու է անաչառ զեկույց, ի սկզբանե հայտարարվել է»:
Հարցին` ինչպե՞ս եք վերաբերում պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ով զեկույցի վերնագրի հարցում մեղադրում է մասնավորապես հայկական պատվիրակությանը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ չի կիսում ՀԱԿ պատգամավորի տեսակետը: «Լևոն Զուրաբյանը ակտիվ մասնակցել է քննարկումներին, որոնք տեղի են ունեցել պատվիրակության ներսում, նա տեղյակ է եղել այն քաղաքականության մասին, որը մենք վարել ենք: Մենք ունենք ԵԽԽՎ-ում աշխատելու բավական մեծ փորձ, մենք դասեր ենք քաղել: Վերնագրի հետ կապված աշխատանքները, որ մենք տանում ենք, կազմեցին ընդամենը մեկ հատվածը այդ զեկույցի մասին մեր վերաբերմունքի մեջ: Մենք ոչ թե մեր բոլոր ուժերը կենտրոնացրել ենք վերնագրի փոփոխության համար, այլ նրա ուղղությամբ, որ լինի լեգիտիմության պակաս զեկույցի նկատմամբ, որ անվստահություն լինի: Եթե լիներ ամենանախընտրելի վերնագիրը, ապա բովանդակության մեջ կարող էին լինել անընդունելի կետեր, անշահեկան ձևակերպումներ, որոնք թույլ չէին տա ընդունել զեկույցը»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ