Հոկտեմբերի 11-ին Կամերային երաժշտության տանը «Կոմիտաս, տասը հայտնություն» խորագրով համերգով կմեկնարկի երաժիշտ Վահան Արծրունու բեմական գործունեության 30 եւ ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված համերգաշարը:
Օպերային թատրոնում լրագրողների հետ հանդիպմանը արվեստագետը տեղեկացրեց, որ առաջիկա մյուս համերգներն են «Երգաշար»-ը, «Պրոգրեսիվ գործիքային երաժշտություն»-ը, «Ակուստիկ ռոք երաժշտությունը» եւ «Գալա համերգ»-ը:
«Յուրաքանչյուր արվեստագետի համար «կլոր» տարեթվեր կան՝ դեկտեմբերին կտոնեմ 50-ամյակս, եւ դրան ընդառաջ վաղուց խմորված համերգաշարի գաղափարը կյանքի է կոչվում: Հանդիսատեսը կդիտարկի այն արվեստը, որին նվիրված եմ արդեն երեսուն տարի»,-ասաց երգահանը:
Նրա խոսքով՝ համերգաշարը յուրօրինակ ստեղծագործական հաշվետվություն է. «Համերգներից ոչ մեկը չի կրկնում մյուսին: Կլինեն ստեղծագործությունների եւ կատարումների պրեմիերաներ»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Վահան Արծրունին թողարկել է 14 CD, հեղինակ է 16 վավերագրական ֆիլմի, 4 թատերական ներկայացման:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ