«Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողությունները ավելի կսրեն Արեւմուտք-ՌԴ հակամարտությունը:
«Սիրիայի հարցը էլ ավելի կբարդացնի Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, կբարդացնի Ռուսաստանի հարաբերությունները արաբական աշխարհի հետ: Այնպես է ստացվում, որ ռուսները չեն կոորդինացնում իրենց գործողություններն ամերիկացիների կամ եվրոպացիների հետ, դա նշանակում է՝ էլի մի դաշտ, մի խնդիր ավելի սրեց իրենց հարաբերությունները: Այս առումով սա բացասական է Հայաստանի համար, որովհետեւ ինչքան սրվեն Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, այնքան դժվար կլինի Հայաստանի համար մանեւրել»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց վերլուծաբանը:
Նա նկատեց, որ Ասադը Սիրիայում սկսեց քաղաքացիական պատերազմ, հետեւաբար, նրան աջակցելը ճիշտ չէ, թեեւ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հաստատ Ասադին աջակցելու մտադրությամբ չէր, որ Սիրիայում սկսեց գործողություններ. «Մշտապես, երբ նման իրավիճակ է ու շատ զոհեր են լինում, պատասխանատվությունը իշխանություններինն է, չեմ կարծում, որ այդպիսի կոշտ անձնավորությանն աջակցելը ճիշտ է…իհարկե, Ռուսաստանը չէր մտածում Ասադին աջակցելու մասին, պարզապես գտավ, որ այս պահին ճիշտ է ցույց տալ իր ուժը, որ իրենք կան ու կարող են հարցեր լուծել: Ռուսաստանն ունի իր շահերը, ու ժամանակը ցույց կտա՝ ինչ շահեր»:
Պարոն Գրիգորյանը պատահական չի համարում Թուրքիայի օդային տարածքը խախտելու Ռուսաստանի գործողությունները Սիրիայում սկսած գործողությունների ժամանակ. «Ռուսաստանը պետական մեծ ավանդույթներ ունի, ռազմական օդաչուները մակարդակ ունեն, պատահական չեն անցնի սահմանը: Պարզ է, որ շոշափում են Թուրքիայի ռեակցիան ու ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում մենք կանք, ու չեք կարող ինչ ուզեք անել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ