Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամյանն ԱԺ-ում մի պահ մոռացավ, որ ընդդիմադիր չէ ու սկսեց քննադատել իշխանությանը

Հոկտեմբեր 06,2015 14:47

ԱԺ-ում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, երբ ներկայացնում էր ԿԲ-ի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սկսեց բողոքել. «2003-ին 1 դոլարի փոխարժեքն էր 578.8 դրամ: Ճիշտ այդ նույն տարի ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 269 մլն դոլար: 5 տարվա ընթացքում արհեստականորեն իջեցրեցին փոխարժեքը, դարձրեցին 305.97 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Ճիշտ այդ ժամանակ ներմուծման ծավալը 1 մլրդ 260 դոլարից բարձրացավ՝ 4 մլրդ 411 մլն դոլար: Դա ի՞նչ է նշանակում, որ ներմուծումն ավելի ձեռնտու էր, քան երկրի ներսում տնտեսություն կազմակերպելը: Մեր ապրանքները դարձան ոչ մրցունակ, գործարանները փակվեցին, գործազրկության մակարդակը բարձրացավ, աղքատության մակարդակը բարձրացավ: Սրա՛ համար եմ ասում ես: Դուք ձեր ելույթում հպարտացաք, որ դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովել եք կայուն տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ գնաճի՛: 2010-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 9.3 էր, 2012-ին՝ 10.1. 2013-ին՝ 10.4, 2014-ին՝ 10 մլրդ 500 մլն դրամ, ո՞ւր է կայուն զարգացումը: Ասում եք 1 մլրդ 900 մլն-ով ավելի եք վարկավորել տնտեսությունը: Այդքան վարկավորել եք՝ զարգացմանը չի գնացել, զարգացմանը գնար՝ գոնե այդքանի չափով ՀՆԱ-ի աճ պետք է ապահովեիք: Այսինքն, հազիվ պարտքերն ենք փակել, բանկերի տոկոսներն ենք փակել: Ինչքան խորանանք, ավելի ծանր թվեր կլինեն»:

Նա ասաց, որ եթե դրամական զանգվածի աճի տեմպը ավելի քիչ է, քան արտադրողականության աճի տեմպը եւ ՀՆԱ-ի աճի տեմպը, ոչ մի գնաճ չի լինի. «Ձեզ ասում ենք ապահովեք, որ տնտեսությունն ավելի առաջընթաց զարգացում ապրի»:

Ներսես Երիցյանը, լսելով Գեղամյանի այս ընդդիմադիրին հատուկ դիտողությունները. մի պահ կանգ առավ: Նրա խոսքերով՝ «Եթե շատ խորանանք, կգանք այն եզրահանգումների, որոնք փաստերի վրա են հիմնված: Տարբեր դրվագների համադրումը տնտեսագիտության մեջ հնարավոր չի եզրահանգումների բերի: Բայց մի բան ակնհայտ կարող եմ հայտարարել եւ երեւի կփարատի ձեր մտավախությունը՝ մեր անկախացումից ի վեր բոլոր տարիներին դրամական զանգվածն ավելի արագ է աճել, քան մեր արտադրողականությունը եւ ավելի արագ է աճել, քան իրական ՀՆԱ-ն: Սա գոնե փաստ է»:

Արտաշես Գեղամյանն արձագանքեց. «Ախր, պարոն Երիցյան, գոնե դա չասեիք: Դրամական զանգվածը 17 տոկոսից 37 տոկոս է աճել, մինչդեռ ՀՆԱ-ն անգամ իսկ այդքան չի աճել»:

Հետո նա բարկացավ Ներսես Երիցյանի վրա, սկսեց մատ թափ տալ եւ մեղադրեց՝ իր խոսքերն աղավաղելու մեջ. «Ձեզ գրել են, տվել են, կարդում եք՝ հասկացանք: Բայց կարդալուց էն կողմ բաներ էլ կան, չէ՞: Գիտություն կա: Սրտներս ցավում ա, չենք ուզում, որ այն վիթխարի աշխատանքը, որ երկրի իշխանությունները կատարում են ցանկացած ոլորտում, սխալ քաղաքական արդյունքում տապալվի»:

Ներսես Երիցյանն էլ բացատրեց, որ ոչ միայն մենք, այլեւ ԵՏՄ-ն է այդ նույն քաղաքականությունը վարում՝ գնաճի նպատակադրման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031