Հոկտեմբերի 2-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքի պետական թանգարանի մեծ սրահում տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգը, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր նաև «YouTube» տեղեկատվական ցանցի միջոցով, մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Լյուբլին քաղաքի մշակութային հասարակության, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ օտարերկրացիներ:
Համերգի սկզբում ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ քառյակը կրում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Կոմիտասի անունը, որը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերից մեկն էր։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին և թանգարանի տնօրինությանը` հյուրընկալության և ջանքերի համար՝ նշելով, որ 2015թ. ընթացքում Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում Լյուբլին քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք այլ միջոցառումներ:
Քառյակի կատարումներով հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու, Շումանի, լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ