Այսօր «Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Մասթեր Պլյուս» լեզվի և բիզնեսի միջազգային դպրոցի երկրորդ համաժողովը: Միջոցառմանը ներկա էին միջազգային համալսարանների, քոլեջների և դպրոցների ներկայացուցիչներ, հայ տարբեր բուհերի ուսանողներ, դասախոսներ, ծրագրով հետաքրքրվողներ, լրագրողներ: Ելնելով նախորդ համաժողովի արդյունքներից և ուսանողների ակտիվությունից` ընկերությունն այս տարի ևս որոշել է կրթաթոշակ տրամադրել խաղարկությանը մասնակից 350 ուսանողներից 30-ին:
Aravot.am–ը զրուցեց «Մաստեր Պլյուս» ՍՊԸ-ի նախագահ Լիաննա Աչիկյանի հետ. «Մենք գործունեություն ենք ծավալում հատկապես կրթական ոլորտում և համագործակցում ենք միջազգային ուսումնական հաստատությունների հետ: Կարող եմ ասել, որ սա շատ լավ շանս է հայ ուսանողների համար, որպեսզի կրթություն ստանան արտերկրում, և դառնան որակյալ մասնագետներ: «Մասթեր Պլյուս» լեզվի և բիզնեսի միջազգային դպրոցը արդեն երկրորդ անգամ իրականացնում է երեսուն հայ ուսանողների երազանքը: Ասեմ, որ այս տարի դիմորդների քանակը գերազանցեց մեր սպասելիքները: Մոտ հազար դիմորդից ընտրվել է 350-ը, որոնք համապատասխանել են չափորոշիչներին: Մրցույթի արդյունքում երեսուն ուսանող լրիվ կամ մասնակի կրթաթոշակ կստանա` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կալիֆոռնիայի և մի շարք միջազգային կարգի կրթօջախներում սովորելու համար: Նշեմ նաև, որ այս տարի «Ինգո Արմենիա» ապահովագրական կազմակերպությունը կտրամադրի ուսանողների բժշկական ծախսերը»:
Մեզ հետ զրույցում նախկին խաղարկությանը մասնակցած Մարիաննա Կարապետյանն էլ ասաց,որ սա մեծ հնարավորություն է որակյալ կրթություն ստանալ արտասահմանում: «Ես այն երջանիկներից մեկն եմ, որ կրթություն կստանամ Կիպրոսի Ալեքսանդրս քոլեջում, և հավատացեք, որ կատարվել է իմ ամենամեծ երազանքներից մեկը: Մինչ հաղթելը նույնիսկ չէի էլ հավատում, որ հնարավոր է նման բան»:
Կարդացեք նաև
Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Փառանձեմ Միքայելյանն էլ այս խաղարկության 30 երջանիկներից մեկն է, ով ստացավ սերտիֆիկատ Գերմանիայում սովորելու համար: Կիսվելով իր տպավորություններով՝ Փառանձեմն ասաց, որ շոկային տրամադրության մեջ է: «Իսկապես անհավատալի էր, որ կարող է նման բան հենց ինձ հետ տեղի ունենալ: Ես ուսումս շարունակելու եմ միջազգային լավագույն հաստատություններից մեկում, որի համար անչափ ուրախ եմ»:
Հայկ Մագոյան