Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտությունը և տեխնոլոգիական կրթությունը` որպես համագործակցության առաջնահերթություն      

Հոկտեմբեր 06,2015 14:02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Volkswagen» հիմնադրամի գլխավոր քարտուղար Վիլհելմ Քրուլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ոլորտները: Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես, պետբյուջի հատկացումների և ֆինանսավորման մեխանիզմների տեսանկյունից: Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գերակա ուղղությունները գիտության ոլորտում` ՏՏ, ինժեներական, տեխնոլոգիական կրթություն և այլն:

Արմեն Աշոտյանը կարևորել է նաև ոլորտի միջազգայնացման խնդիրը` ընդգծելով գիտության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրում Հայաստանի մասնակցությանը: Արմեն Աշոտյանը կարևորել է հատկապես հայագիտության ցանցի զարգացումը եվրոպական բուհերում, ինչպես նաև Պոլիտեխնիկի հենքի վրա տեխնոլոգիական կրթության նոր հնարավորությունների խնդիրը:

Վիլհելմ Քրուլի խոսքով` հիմնադրամի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ Հայաստանից Գերմանիա են հրավիրվում երիտասարդ ճանաչված գիտնականներ, ովքեր իրենց գիտական գործունեությունը շարունակում են գերմանական տարբեր գիտակրթական, հետազոտական կառույցներում և հետխորհրդային երկրների շարքում լավագույններից են համարվում: Միաժամանակ, նշվել է մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը, որոնք կօգնեն տվյալ մասնագետներին, համապատասխան որակավորում ստանալուց հետո, վերադառնալ Հայաստան և իրենց փորձը ներդնել հայրենիքում: Վիլհելմ Քրուլը նաև ընդգծել է, որ հիմնադրամի խորհուրդը ցանկանում է իր աշխատանքն ավելի ընդլայնել կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես, հիմնադրամը պատրաստ է քննարկել համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների իրականացման, հայկական և գերմանական գիտական կազմակերպությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հետխորհրդային երկրներում գիտության զարգացման խնդիրներին, մասնավորապես, ենթակառուցվածքների և լաբորատորիաների, գիտնականների փոխանակման և շարժունության, համապատասխան ակադեմիական կապերի զարգացման և «ուղեղների արտահոսքի» հետ կապված հարցերին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031