Հոկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումների շրջանակներում Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հովանու ներքո` Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի համերգասրահի կազմակերպմամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Համերգին ներկա էին Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ և խորհրդարանականներ, հունահայ համայնքի հասարակական, կրոնական և կրթամշակութային կառույցների, ինչպես նաև հույն հասարակական և մշակութային շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Հալաջյանի, Շնիտկեի, Բարբերի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարումներ` Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ:
Սալոնիկի հայ համայնքի «Համազգային» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես եկավ նաև հոկտեմբերի 4-ին Սալոնիկ քաղաքում, իսկ հոկտեմբերի 5-ին Օրեոկաստրո համայնքում: Հայկական կամերային երգչախմբի կատարումները ջերմ ընդունելության արժանացան հայ և հույն հանդիսատեսի կողմից:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ