Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը պահանջեց, որ Ջավադյանը գա ԱԺ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2015 13:28

Այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը մոտեցավ ամբիոնին, որ ներկայացնի Կենտրոնական բանկի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բարկացավ եւ տեղից բղավեց, թե ո՞ւր է ԿԲ նախագահը, որ էլի դուք եք:

Մինչ այդ ԱԺ-ում քննարկվում էր ԿԲ-ի 2014-ի հաշվետվությունը եւ դարձյալ ԿԲ նախագահը չէր եկել:

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ Ջավադյանը գործուղման մեջ է:

Բագրատյանը բողոքեց. «Ինքը միշտ գործուղմա՞ն է գնում, երբ որ ստեղ պիտի քննարկում լինի»: Գալուստ Սահակյանը փորձեց հանգստացնել Բագրատյանին, ասելով՝ հենց վերադարձավ, կասեմ կհանդիպեք: Ներսես Երիցյանն ասաց, որ Համաշխարհային բանկի տարեկան ժողովին է գնացել: Հրանտ Բագրատյանը պահանջեց, որ զեկուցման օրը փոխեն, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Փոխողը ես եմ, դա իմ լիազորության շրջանակներում է»:

Ներսես Երիցյանը, ծրագիրը ներկայացնելիս ասաց, որ սպասում են արտահանման ծավալների աճ 5 տոկոսով:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ դեպի ՌԴ արտահանմա՞ն մասին է խոսքը, որ աճ եք կանխատեսում, թե՞ ընդհանուր: Բացի այդ, նա հետաքրքրվեց՝ այսօրվա դրությամբ ոսկու ինչքա՞ն պահուստ ունենք Հայաստանում՝ եթե կա՝ կա, եթե չկա՝ ասեք:

Երիցյանը պատասխանեց. «Այս տարի կա որոշակի ուղղվածության փոփոխություն արտահանման: Դեպի Չինաստան էապես ավելանում է կշիռը եւ դեպի ՌԴ որոշակի անկում կա արտահանման տեսակետից: Բայց երկար ժամկետում դրանք կաճեն: Ոսկու պաշարներ պահուստներում մենք չունենք այս պահի դրությամբ»:

ԿԲ փոխնախագահը զեկույցում նշեց, որ գնաճը կանխատեսում են 4 տոկոս: Հովհաննես Մարգարյանը չհամաձայնեց՝ ո՞նց եք ասում 4 տոկոս. «Գյուղացին խաղողը չի կարողանում մթերել: 1 լիտր կաթը գյուղացին 2.5 անգամ ավելի էժան է վաճառում, քան 1 լիտր հանքային ջուրը: Ես տեղեկություն ունեմ, որ անասունները՝ կթու կովերը զանգվածային մորթում են, որովհետեւ վնասով են աշխատում: Հիմա մորթեց, վաճառեց՝ միսը կրկնակի թանկանալու է, ո՞նց է լինելու գնաճը 4 տոկոս: Ի՞նչ գործիք է կիրառում ԿԲ-ն, որ առեւտրային բանկերին ասի՝ արտոնյալ վարկեր տան գյուղացիներին»:

Ներսես Երիցյանը պատասխանեց. «Պետք է խնայողությունները ավելանան, որպեսզի փողի գինը իջնի եւ էժան, երկար վարկեր լինեն: Դրա համար ներդրումներ են պետք: Հիփոթեքային շուկայում եւ գյուղվարկավորման ոլորտում առնվազն մի քանի տասնյակ ծրագրեր են իրականացվում: Գյուղացիները 8 տոկոսով վարկեր են ստանում եւ ունեն արտոնյալ ժամանակաշրջաններ: Մենք պետք է հասկանանք, որ փողի գինը մեր խնայողությունների գինն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031