Իր իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ս. Ղ.-ը, ում դեմ 2012թ. դեկտեմբերի 5-ին հայց էր ներկայացվել ՙԱրմենտել՚ ՓԲԸ-ի կողմից՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Ինչպես նշվում է հայցադիմումում, Ս. Ղ.-ի և Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագրով վերջինս ձեռք է բերել համակարգիչ, սակայն նրա կողմից վճարումներ չեն կատարվել: Ս. Ղ.-ի պնդմամբ՝ ինքը համակարգչի կարիք երբևէ չի ունեցել, Ընկերության հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքել, միաժամանակ պարզ է դարձել, որ Ս. Ղ.-ը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում: Վերջինս հայտնել է նաև անձնագիրը կորցնելու մասին և կասկած հայտնել՝ իր անձնագիրը ուրիշի կողմից վերոնշյալ նպատակներով օգտագործելու վերաբերյալ. դատաձեռագրաբանական փորձաքննությունը հաստատել է պայմանագրում առկա ստորագրության և փորձաքննության ներկայացված ստորագրության նույնությունը: Վերը նշված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ս. Ղ.-ը սեփական նախաձեռնությամբ չէր կարող կնքել առուվաճառքի պայմանագիր, հատկապես, եթե նկատի առնենք Ս. Ղ.ի վերոնշյալ պնդումներն այն մասին, որ ինքը համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ չունի և դրա կարիքը երբևէ չի զգացել, բացի դրանից՝ Ս. Ղ.-ը պնդում է, որ երբեք չի տեսել հայցում նշված սարքավորումները: Վերոնշյալ փաստերի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015թ. ապրիլի 27-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:
Ամիսներ շարունակ Կազմակերպությանը չի տեղեկացվել գործի քննության վերաբերյալ կայացված որոշման մասին (հանցագործության մասին հաղորդումը Ոստիկանությունը չի ընդունել որպես այդպիսին և դրան պատասխանել գրությամբ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելու փոխարեն): 2015թ. օգոստոսի 27-ին Լոռու մարզի դատախազություն ուղարկված դիմում-բողոքով Կազմակերպությունը խնդրել էր՝ պարտավորեցնել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Ս. Ավետիսյանին՝ հանցագործության մասին ներկայացված հաղորդման վերաբերյալ կայացնել որոշում և դրա մասին հայտնել հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին (դիմում-բողոքը ընդունվել է որպես հանցագործության մասին հաղորդում):
Արդյունքում ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի կողմից կայացվել էր որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ. Էլիզբարյանին ուղղված 2015թ. սեպտեմբերի 18-ի դիմում-բողոքով Կազմակերպությունը խնդրել էր՝ վերացնել ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իրավական գնահատական տալ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի վերոնշյալ խախտումներին և ուղարկել իրավասու մարմին՝ համապատասխան քննություն իրականացնելու նպատակով:
Պատասխան գրությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունը դիմում-բողոքը մերժել է՝ այն համարելով անհիմն: Փաստորեն ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում թույլ են տվել մի շարք խախտումներ՝ հանցագործության մասին հաղորդումը անհետևանք թողնելով և միայն դիմում-բողոքը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով, բացի դրանից՝ Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել Ս. Ղ.-ին փաստացի պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ (բացառությամբ՝ ՙԱրմենտել՚ ՓԲԸ ուղարկված գրության, որի՝ անպատասխան մնալուց հետո ևս հետագա քայլեր չեն ձեռնարկվել), իսկ Ս. Ղ.-ի ՝ անձնագիրը կորցնելու մասին հայտարարությունը ևս, որը կարող էր էական նշանակություն ունենալ, Ոստիկանության կողմից ուշադրության չի արժանացել: Ոստիկանությունը անգործություն է դրսևորում, Դատախազությունը՝ սատարում:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ