«Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի տպավորությամբ՝ Ադրբեջանն անցել է նախապայմանային քաղաքականությանը՝ «Տարածքներն ազատեք, նոր կխոսենք»:
«Ինչ-որ գործընթաց նախագահների, արտգործնախարարների մակարդակով կիսաբանակցային գործընթաց գնում է, բայց ադրբեջանցիները հտակեցրին նախապայմանային քաղաքականությունը: Դրանով եմ հենց պայմանավորում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ԼՂՀ-ի հետ կապված: Մենք անհապաղ պատասխաններ կտանք Ադրբեջանի սադրանքներին եւ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Այս հայտարարությունը ոչ թե Հայաստանի քաղաքականության փոփոխությունն է, ոչ թե Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը, այլ արձագանք է Ադրբեջանի կոշտացնող քաղաքականությանը: Դա նշանակում է, եթե Ադրբեջանի այս քաղաքականությունը շարունակվի, Հայաստանն այլ գործընթաց կսկսի: Իսկ այդ գործընթացները երկու ճանապարհով կարող են գնալ՝ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը կամ Ղարաբաղի միացումը կլինի Հայաստանին»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, Եթե Ադրբեջանը չուզենա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, չցանկանա վերականգնել առանց նախապայմանների բանակցությունները ու շարունակի սպառնալ Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքացիներին, Հայաստանը կգնա այդ ճանապարհով. «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի վարկանիշը աշխարհում հիմա շատ ցածր է, միջազգային ատյաններում ահավոր ցածր է, եթե Հայաստանը գնա Ղարաբաղը ճանաչելու կամ միացման ճանապարհով՝ կգտնվեն երկրներ, որոնք կճանաչեն ԼՂՀ անկախությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ