«Լրատվական լուրեր թողարկելուց առաջ պետք է մի քանի աղբյուրից ճշտել»,- խորհուրդ է տալիս մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ պնդելով, որ սահմանային դեպքերի վերաբերյալ լրատվական ցանկացած նյութ հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում հասարակության շրջանում:
«Ահռելի քանակի տեսանյութեր սկսեցին տարածվել, թե հայերը պատժում են ադրբեջանցիներին, որոնք հիմնականում ուկրաինական կոնֆլիկտից ու զորավարժություններից են: Պետք է զգույշ լինել նման նյութեր հրապարակելիս»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, որոշ կայքերի այդ աշխատաոճը լրատվական դաշտում գրաքննություն անցկացնելու պահանջ են առաջացնում. «Վաղը, մյուս օրը չինովնիկները դա կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար»:
Նա համեմատություն տարավ առողջ սննդի ու «առողջ» տեղեկատվության միջեւ. «Նույնն էլ պետք է լինի տեղեկատվական դաշտում: Մարդը պետք է վստահի այն կայքերին, որոնք հստակ հասցե ունեն, չեն խաբում, պատասխանատվություն են կրում իրենց հրապարակած նյութերի համար»:
Կարդացեք նաև
Նա նկատեց նաեւ, որ արդեն վաղուց անլուրջ տպավորություն են թողնում «շտապ», «հրատապ» վերնագրերով նյութերը եւ հենց այդ ճանապարհով էլ երբեմն հեշտությամբ լրատվական դաշտ են մտնում ադրբեջանական կեղծիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ