Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը նախատեսում է եկամուտների նվազում։ Թվում է, թե բյուջեի մուտքերի կրճատումը պետք է ստիպեր անցնել ավելի խնայողական ռեժիմի։ Սակայն ծրագրված ծախսերը վկայում են, որ կառավարությունը մտադիր չէ առաջնորդվել այդ սկզբունքով։
Մասնավորապես աճել են պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը, ինչը բացատրվում է թե՛ հաստիքների, թե՛ աշխատավարձերի վճարման նպատակով կատարվող ծախսերի ավելացմամբ։ Համալրվել է նաեւ չինովնիկական անձնակազմին սպասարկող ծառայողական մեքենաների պարկը։
Որքան էլ հաճախ արծարծվում է պետական կառավարման համակարգի ուռճացվածության հարցը, այնուհանդերձ դա չի խոչընդոտում, որ այստեղ զբաղվածների քանակը տարեցտարի համալրվի։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատանքը կազմակերպելու նպատակով նախատեսվել է ֆինանսավորել 18 հազար 218 հաստիքային միավոր։
Դրանց քանակը 2015թ. համեմատ ավելացել է եւս 18-ով։ Այս աճը պայմանավորված է պետական կառավարման առանձին մարմիններում կատարված կառուցվածքային փոփոխություններով, որոնք հանգեցրել են աշխատողների թվաքանակի ավելացման։
Պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների աշխատավարձի վճարումը բյուջեի վրա կնստի 63,5 մլրդ դրամ, որը շուրջ 110 մլն դրամով շատ է նախորդ բյուջեի համեմատ։
Պետական կառավարման համակարգի չինովնիկական ապարատին սպասարկելու համար բյուջեն ստիպված կլինի վճարել 1072 տրանսպորտային միջոցի պահպանման համար։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր 17 աշխատակցին բաժին կընկնի մեկ ծառայողական մեքենա։ Սուղ ֆինանսական միջոցների պայմաններում սա չափազանց մեծ ճոխություն է։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում