Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Մարտիրոսյան. Եթե նորմալ իշխանություններ ունենանք՝ Սուրիկ Խաչատրյանի տեսակը շատ արագ կվերանա

Հոկտեմբեր 05,2015 23:25

Գործում Տիգրան Խաչատրյանի կարգավիճակը Սեյրան Մարտիրոսյանն էլ չգիտի

«Սպասելի էր, որովհետեւ առաջին անգամը չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը:

Նրա խոսքերով՝ ներկայիս իշխանությունների տրամաբանությամբ, Սուրիկ Խաչատրյանը կարեւոր դերակատար է. «Սպասելի էր, որովհետեւ դատախազությունը ղեկավարում է Գեւորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեն ղեկավարում է Աղվան Հովսեփյանը: Սպասելի էր, որովհետեւ մեր ոստիկանությունը լրիվ ուրիշ չափանիշներ ունի մարդկանց նկատմամբ, այսինքն՝ կարող է «Ոչ թալանինի» ներկայացուցիչներին բոլորին բռնել-տանել Երեւանում, Գյումրիում կարող է չկարողանան բռնել Պերմյակովին, եւ կարողանում է յուրաքանչյուր անգամ ինչ-ինչ ձեւով ջրից չոր դուրս հանել Խաչատրյանների ընտանիքի ցանկացած անդամի: Այդ ամբողջը խեղկատակություն է, իրեն հարգող իշխանությունը երբեք չպետք է նման քայլերի գնար, իրեն հարգող իրավապահ համակարգի ներկայացուցիչը, արժանապատվության զգացողություն ունեցողը երբեք նման գործարքների չպետք է գնար, բայց այդ ամբողջի պատասխանը Սերժ Սարգսյանն արդեն տվել է՝ սա Հայաստանն է ու վերջ, այստեղ տրամաբանությունը չի գործում, գործում են լրիվ ուրիշ հաշվարկներ, լրիվ ուրիշ ստվերային պայմանավորվածություններ»:

Սեյրան Մարտիրոսյանին անհանգստացնում է մյուս կողմը. «Չգիտեմ, թե մարդկանց վրա ինչպիսի ճնշումներ է հնարավոր գործել, բայց երբ որ պնդում են՝ մենք գնալու ենք մինչեւ վերջ, որ հենց նա է եղել, հետո հանկարծ այդ պնդումները վերանում են, եւ պարզ է, որ ընդհանրապես չի եղել, այլ եղել է որպես յուրօրինակ խաղաղարար: Սա ավելի անհանգստացնող է, քան այդ վարքը, որովհետեւ այդ վարքը բնորոշ է այս իշխանություններին: Եվ եթե մենք նորմալ իշխանություններ ունենանք՝ Սուրիկ Խաչատրյանի տեսակը շատ արագ կվերանա կամ ցանկացած իր քայլի համար համապատասխան օրենքով նախատեսված պատիժը կկրի»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ այս հարցերում իշխանությունները փորձում են նաեւ հաշվի նստել հասարակության կարծիքի հետ, կրքերը հանդարտեցնելու համար դիմում են նման քայլերի. «Այդ դեպքը առաջինը չէ, Սուրիկ Խաչատրյանն էլ միակը չէ. Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր սուրիկխաչատրյաններ կան: Եվ նաեւ այդ ձգձգումներն ունեն իրենց սառը հաշվարկը, հաշվարկի հիմքում կարող է տեղավորված լինել ե՛ւ կապեր, որոնք հաշիվներ են, որոնք նրանց նույնացնում են, հիմքում կարող են լինել նաեւ նրան ավելի հնազանդ դարձնելու ցանկությունը: Տարբեր մարդկանց դեպքում տարբեր է, այս դեպքում նաեւ երեւի թե լրացուցիչ հնարավորություն է գինը բարձրացնելու»:

Իսկ գործում Տիգրան Խաչատրյանի կարգավիճակը Սեյրան Մարտիրոսյանն էլ չգիտի. «Ասել են, որ նրան ազատ են արձակել, բայց ինչ-որ աղբյուրներում նշվում է, որ նա անմեղ է ճանաչվել, ընդհանրապես նրա նկատմամբ ամեն ինչը դադարեցվել է, ես չգիտեմ. կան  նաեւ հակառակ պնդումները, այդ թվում նաեւ Քննչական կոմիտեի նախագահի, որ դեռ քննությունն ընթանում է եւ այդ հարցերը պարզ չեն»:

Հիշեցնենք՝ ըստ դատախազության հաղորդագրության, Յուրի Մանուչարյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ  «Սդղի գյոլ» կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքն է խփել Հարություն Զաքարյանին, վերջինս էլ առերեսման ժամանակ ընդունել է այդ փաստը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031