ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ունի մի քանի առանցքային կետեր, որոնցից մեկը կենտրոնանում է Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության վրա:
Մասնավորապես ըստ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հակամարտությունը Իլհամ Ալիևը ծառայեցնում է նաև ներքաղաքական շահերին. «Նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է»:
Aravot.am-ի հետ զրույցում մինչ այս հարցերին անդրադառնալը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը իր ելույթից հետո, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե ինչպես ժամանակին կանխատեսել է, թե ով է լինելու Իրանի նախագահը, կարո՞ղ է կանխատեսել, թե ՀՀ նախագահն ով է լինելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը: Երկրորդը՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»:
Պարոն Սաֆարյանն այս առիթով ասաց. «Սերժ Սարգսյանն ասել է մի բան, որի մասին բոլորս էլ գիտենք: Մեր երկրում իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, երբեք էլ վերջին պահին չի որոշում, թե ով է իր թեկնածուն: Մենք մի շարք թեկնածուներ գիտենք, որոնք շրջանառության մեջ են դրվել՝ Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, մինչև անգամ Միքայել Մինասյան: Չեմ ասում, թե այդ անունները պետք է հանել շրջանառությունից, բայց նաև կարծում եմ, որ այս պահին ոչ մի իշխանություն չի հայտարարի այդ անունը: Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ ինքը կոնկրետ գիտի իր անելիքը»:
Կարդացեք նաև
Դառնալով Ադրբեջանի կողմից ներքաղաքական հարցեր լուծելու մտադրությանը՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Չեմ հերքում, որ միայն Ալիևի հանցավոր արկածախնդրությունն է, որ նման ուղղվածություն ունի, բայց չեմ կարծում, որ միայն այդ խնդիրներն է լուծում: Նաև չեմ կարծում, թե միայն ու միայն ներքին խնդիրներ է լուծում: Ադրբեջանը գիտի, որ ՌԴ-ն սպասում է իր որոշմանը ԵՏՄ անդամակցելու հետ կապված, գիտի, որ ՌԴ-ն բանակցում է իր հետ ռազմաբազաներ տեղադրելու հարցը, ՌԴ-ն փորձում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի հախից գալու հարցը սակարկության առարկա դարձնել, և թերևս հենց Տավուշում փորձարկվում է ռուս- հայկական բարեկամությունը»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Ադրբեջանը փորձում է նաև միջազգային ամբիոնների վրա ճնշում գործադրելով լուծել իր հարցերը, և պատահական չէ, որ սահմանում իրավիճակը թեժացնում է ՄԱԿ-ի վեհաժողովների, ՀՀ-ի և Ադրբեջանի՝ թեկուզ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ:
Մեր այն դիտարկմանը, թե Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. այն ԼՂՀ հակամարտությունը ներկայացնում է որպես տարածքային վեճ, հստակ և բավարա՞ր է արդյոք այս հարցում մեր դիրքորոշումը, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Շատ բան բավարար չէ մեր արտաքին քաղաքականության մեջ: Եթե արտաքին քաղաքականությունը ճիշտ լիներ, մենք այսօր միգուցե պատերազմի ռիսկի առաջ կանգնած չլինեինք: Ասում են, որ քաղաքականությունը պատերազմի շարունակությունն է պարզապես այլ միջոցներով: Եթե ՀՀ-ն նորից կանգնել է պատերազմի ռիսկի առաջ, դա նշանակում է քաղաքականությունն է բերել դրան: Արտաքին ճակատում անատամ, անթիրախ անհետևողական է եղել մեր արտաքին քաղաքականությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ