Հոկտեմբերի 1-ին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը ՀՀ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում որպես Հայաստանի ապագա առաջնորդի, նշել էր, թե կարող է կանխատեսել, բայց վախենում է հայտարարել:
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞ւմ ի նկատի ունի Սերժ Սարգսյանը, ո՞վ կարող է գալ փոխարինելու նրան: «Նախ նշենք, որ հանրապետության նախագահը չի նշել, թե ապագայում ինքը որպես նախագահ կամ վարչապետ ում է տեսնում, նա օգտագործել է առաջնորդ բառը, այսինքն` սահմանադրական փոփոխությունների պահով շատ զգույշ է արտահայտվում: Առաջնորդ կարող է լինել նախագահը, եթե սահմանադրական փոփոխությունները տապալվեն, կարող է լինել երկրի վարչապետը, եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն: Սա շատ հետաքրքիր է, նախագահը շատ զգույշ է վերաբերում տերմիններին:
Իսկ ինչ վերաբերում է, թե ում է տեսնում այդ պաշտոնում, եթե սահմանադրական փոփոխությունները բարեհաջող անցնեն, նախագահն ինքնըստինքյան կցանկանա, որ երկիրը ղեկավարվի իր սիրելի ու հարազատ կուսակցության կողմից, եւ իրենք, առավել եւս նախագահն, ամեն ինչ անելու է, որպեսզի հանրապետության հաջորդ առաջնորդը լինի Հանրապետական կուսակցությունից: Կամ եթե Հանրապետական չլինի տվյալ անձը, նրա թիկունքում կանգնած լինի Հանրապետական կուսակցությունը, թեկուզ եւ Ազգային ժողով մտնի այդ ցուցակով: Հանրապետականը, լինելով ամենամեծ ու հարուստ կուսակցությունը, իր ձեռքում պահում է ամբողջ իշխանությունը, իր ներսում ունի բազմաթիվ բեւեռներ, որոնք միավորվում են նախագահի անձի շուրջ: Ինչքան մոտենում են ընտրությունները, այս բեւեռները փորձում են իրենց դիրքերն ամրապնդել ու նախագահի աչքին բարձր երեւալ:
Այդ բեւեռներից մեկը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը երբեւիցե չի թաքցրել իր նկրտումները ավելի բարձր պաշտոններ ստանձնելու առումով: Երբ որ ինքը տարածքային կառավարման նախարար էր, հետագայում Ազգային ժողովի նախագահ էր, միշտ էլ ավելիին է ձգտել եւ հիմա հասել է ավելի բարձր պաշտոնի: Կարելի է ասել կառավարական հիրերարխիայում երրորդն է, բայց իր ազդեցությամբ երկրորդն է հանրապետությունում: Ինքը ունի իր սեփական թիմը, իր սեփական ամբիցիաները եւ միշտ էլ առաջնորդվում է դրանցով: Երկրորդ բեւեռը եւ հարմար թեկնածուն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որն ունի սեփական թիմը՝ ի դեմս հին հանրապետականների, որոնք իր հոր մոտ ընկերներն են, նաեւ երիտասարդներ կան նրանց մեջ: Ինքն էլ մեծ շանսեր ունի, բավական լավ համբավ ունի որպես այսպես ասած գործ անող, Երեւանը կարգին վիճակում պահող քաղաքապետ: Ինքն էլ կարող է դառնալ հավանական թեկնածու:
Կարդացեք նաև
Հանրապետական կուսակցությունում իր բավական ամուր թիմն ունի Միքայել Մինասյանը, հանրապետության նախագահի փեսան: Իհարկե, ես չեմ պատկերացնում, որ նա հիմա կարող է նախագահ դառնալ, Սերժ Սարգսյանը իր իշխանությունը փոխանցի իր փեսային, դա մեզ մոտ ընդունված չէ գոնե բարձր պաշտոններում: Բայց նա ավելի կամրապնդի իր դիրքերը ու ավելի ուժեղ դիրքերից հանդես կգա: Կարող են լինել քաղաքական, տնտեսական գործիչներ, որոնք Հանրապետական կուսակցության մեջ չեն, բայց բավական ուժեղ դիրքերում են թե՛ Հայաստանի Հանրապետության ներսում, թե՛ ՀՀ-ից դուրս, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որը սերտ կապերի մեջ է կրեմլի հետ, բավական անուն հարգանք, պատիվ ունի Հայաստանի հանրապետությունում, վերջիվերջո Երեւանի քաղաքապետ է եղել: Եւ վերջիվերջո Սերժ Սարգսյանը կարող է ունենալ այլ թեկնածուներ»:
Մեր հիշեցմանը, թե Էդուարդ Շարմազանովին մոռացաք, քաղաքագետն ասաց. «Էդուարդ Շարմազանովը այն Հանրապետական գործիչը չէ, որն ունի այդ խարիզման, հնարավորությունները ու տրամաչափը, որ դառնա հանրապետության լիդեր, նա աճելու ու սովորելու տեղ ունի, սա ամենաառաջին: Երկրորդ, Շարմազանովի՝ առաջնորդ լինելու հարցը բավականին խնդրահարույց է. մեր երկրում բոլորն էլ շատ լավ վերաբերում են ազգային փոքրամասնություններին, բայց չեմ պատկերացնում, թե 95 տոկոսից ավելի հայ ազգաբնակչություն ունեցող երկիրը հույն առաջնորդ ունենա: Բոլոր ազգերին հարգում եմ՝ լինի Հայաստանում բնակվող հույն, եզդի, ասորի, բայց կան պաշտոններ, եւ դա հենց կոնկրետ Հայաստանի նախագահի կամ վարչապետի պաշտոնն է՝ որպես առաջնորդի, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, որ 95 տոկոսից ավելի հայերով բնակեցված Հայաստանը ասորի, հույն, եզդի, վրացի կամ ռուսը ղեկավարի: Էդուարդ Շարմազանովը շատ հեշտությամբ կարող է հայտնվել Ազգային ժողովում՝ ըստ սահմանադրական բարեփոխումների, որտեղ կա կետ, որ ազգային փոքրամասնություններին տրամադրվում է քվոտա Ազգային ժողով անցնելու համար, եւ Շարմազանովը ամենահարմար թեկնածուն է»:
Իսկ թե ինչո՞ւ է նախագահը վախենում անուններ հնչեցնելուց, ըստ Գագիկ Համբարյանի, նախագահը գիտի, որ Հայաստանում բոլորը իրենց գեներալներ են պատկերացնում, ոչ ոք չի սիրում զինվոր լինել: Նա, այս ամենը հաշվի առնելով, կարող է պատկերացնել, թե ինչ վատաբանությունների կենթարկվի նշված անձը: Իսկ եթե Հանրապետական կուսակցությունից լինի այդ անձը, ապա Հանրապետականի մյուս բեւեռները կփակեն նրա ճանապարհը: Քաղաքագետը նորմալ է համարում, որ իշխանությունը զիջող ղեկավարը ունի իր թեկնածուն, ըստ նրա, սա աշխարհում ընդունված է, ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էլ պաշտպանում էր Սերժ Սարգսյանին:
Լուսանկարը՝ Lragir.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Vigen Sargsyan