Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2015 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա (Բաղրամյան պողոտայի թիվ 19 շենքի հարևանությամբ` ԱԺ-ի ցանկապատին հարող տարածքում` մայթի վրա) և հետադարձ` Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով նախատեսված երթը:
Երթի մասնակիցները, սակայն, շրջանցելով Երևանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում և իրականացրել հավաք:
ՀՀ ոստիկանությունը հավաքի ղեկավարներին նախազգուշացրել է, որ հավաքն անցկացվում է իրազեկման պայմանների խախտմամբ (իրավախախտում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801 հոդվածի 1-ին մասով):
Հավաքի ղեկավարներից պահանջվել է միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունը:
Կարդացեք նաև
Հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում` նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1801-րդ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության սպաների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որևէ միջոց չի կիրառվել:
ՀՀ ոստիկանություն