Արման Ղուկասյանի կարծիքով՝ բռնությունն իրենով բռնություն է
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Հանրապետության հրապարակում ակցիա էր կազմակերպել՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ:
«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում նման խնդիր չկա. «Եթե տեսնեք հնարավոր ցուցանիշները, որոնք գոյություն ունեն, թեկուզ՝ պաշտոնական, ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել նրան, որ Հայաստանում կանայք հալածվում են, ինձ թվում է՝ ճիշտ չէ, որպեսզի մենք ստեղծենք մեր հայ կանանց կերպարը, զոհերի կերպարներ տանք մեր հայ կանանց, երբ որ Հայաստանը պաշտոնապես համարվում է ԱՊՀ եւ ՆԱՏՕ երկրների ցուցակում ամենավերջինը, որտեղ կանանց դեմ բռնություն է կիրառվում: Ասել, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդունել օրենք պետական մակարդակով, Ազգային ժողովում ընդունել օրենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, ինձ թվում է՝ արհեստականորեն խնդիրը բարձրացնելն է, եւ հենց ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել: Մենք ինքներս պետք է զարմանանք, որ ընդհանրապես Հայաստանում այդ օրենքն անհրաժեշտ է, որովհետեւ իմ կարծիքով՝ այդպիսի անհրաժեշտություն չկա ընդհանրապես»:
Ըստ ոստիկանության՝ 2015 թվականի առաջին կեսի ընթացքում ընտանեկան բռնությունների թիվը 447 է: Արման Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե այդ պաշտոնական տվյալը քի՞չ է, նա պատասխանեց. «Առաջինը՝ այդ 400-ը շատ փոքր թիվ է, եթե մենք համեմատենք այլ երկրների հետ, որտեղ որ ընդունվել է նմանատիպ օրենք: Երկրորդը՝ հասկանանք, թե ի՞նչ է նշանակում բռնություն, ընտանեկան բռնություն: Բռնությունը ինքը իրենով արդեն բռնություն է, ի՞նչ կապ ունի դրսում է կատարվո՞ւմ, աշխատանքի վայրո՞ւմ, թե՞ ընտանիքում: Ենթադրենք այդ 400 դեպքից, եկեք խորանանք եւ հասկանանք, տղամարդը բղավել է իր կնոջ վրա, եւ կինը վերցրել է եւ զանգահարել է ոստիկանություն, կարող է, իհարկե՛, նման դեպք լինել, դա գրանցվել է որպես բռնություն ընտանիքում կնոջ նկատմամբ: Ինձ չի թվում, որ դա բռնություն է: Առաջին հերթին՝ պետք է հասկանանք, թե ի՞նչ է նշանակում բռնություն, երկրորդը՝ ընտանեկան բռնություն հասկացությունը ինձ համար նույնպես արհեստական ինչ-որ հասկացողություն է, եւ հասկանանք, թե այդ 400 դեպքերից, ո՞րը կարելի է համարել ընտանեկան բռնություն, իսկ ո՞րը կարելի է համարել այլ ինչ-որ մի բան»:
Կարդացեք նաև
Մեր նկատառմանը, թե հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր կարելի է հանդիպել ընտանեկան բռնությունների մասին հաղորդումներ, Արման Ղուկասյանը պատասխանեց. «Չկա աշխարհում մի պետություն, որտեղ գոյություն չունեն մարդասպաններ, գողեր, մարդիկ, որոնք բռի են վերաբերվում մյուս մարդկանց նկատմամբ, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը: Այդպիսի հասկացություն, օրինակ՝ ինձ համար պարզ չէ, որովհետեւ բռնությունն իրենով բռնություն է, ի՞նչ կապ ունի: Եկե՛ք ուրեմն մի հատ էլ նոր հասկացություն նմանատիպ ձեւավորենք՝ աշխատանքային բռնություն՝ դա այն բռնությունն է, որը կատարվում է աշխատանքի վայրում, կամ դպրոցական բռնություն, կամ փողոցային բռնություն: Ինչո՞ւ է հենց ուշադրությունը սեւեռվում ընտանեկան բռնություն ասվածին, կարո՞ղ եք ինձ բացատրել: Ես ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընդհանրապես չեմ հասկանում, եթե Հայաստանում շատ փոքր թվերի է հասնում այդ ամենը ինչո՞ւ ենք մենք ընդունում օրենք պետական մակարդակով»:
Վերջում նա հավելեց. «Ես կոչ եմ անում իմ կազմակերպության անունից, որպեսզի մեր իրավապաշտպան կազմակերպությունները, ոչ թե զբաղվեն նոր մշակույթ ներմուծելով Հայաստան, այլ պահպանեն մեր ազգային արժեքները, եւ հայ կնոջ կերպարը ներկայացնեն այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե ներկայացնեն հայ կնոջը ինչպես զոհ կամ հալածված կերպարի»:
Լուսանկարը՝ Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
այ տղա հերիքա ռուսական փողերով Հայաստանի դեմ դավաճանություն անել…