Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր, խորհրդարանի շենքի մոտ, «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ բազմաթիվ ցուցարարներ բերման են ենթարկվել:
Երիտասարդները պայքարում էին սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ, որն այսօր արժանացավ խորհրդարանականների դրական եզրակացությանը:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ակցիային եւ բերման ենթարկվածներին, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ նորմալ է վերաբերվում երիտասարդների կազմակերպած ակցիային եւ նրանց պահանջներին. «Կարծում եմ, բոլորի ցանկությունն է կառուցել ժողովրդավար Հայաստան, իսկ ժողովրդավար Հայաստանում մարդիկ պետք է իրավունք ունենան բողոքի ցույցեր եւ ակցիաներ կազմակերպել` իրացնելով իրենց իրավունքը: Որպես երիտասարդ պատգամավոր, կոչ եմ անում ազատ արձակել «ոչ»-ի կողմնակից բոլոր երիտասարդներին, քանի որ բոլորս լավ գիտակցում ենք` մեր երիտասարդները ժողովրդավար Հայաստանի ապագան են»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն «կողմ» է նախագծին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ